September 22, 2023

ԼՂ նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ

Օգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ի սահմաններում, ԼՂ նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքի առթիվ ԼՂ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ նախատեսված՝ ԼՂ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 245-րդ հոդվածի 1-ին մասով:

Հանցագործության կատարման կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի 1983թ և Ասկերանի շրջանի 1981թ ծնված բնակիչները ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է։

Օգոստոսի 28-ին ժամը 03:05-ին ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը, տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված 1983թ.) և Ա. Ա.-ին (ծնված 1981թ.):

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights