September 24, 2023

Դուք կարող եք հայհոյել ինձ. Արայիկ Հարությունյանը՝ ԼՂ բնակչությանը

«Առավոտյան խնդրում եմ ծնողներին գալ ինձ մոտ, ես կփորձեմ առաջին հերթին կապ ստեղծել մեր բալիկների հետ, որպեսզի խոսենք նրանց հետ, և նաև իրենց ներկայությամբ ստանամ հստակ օր, որ նրանք տեղ են հասնելու, և անձամբ կլսենք այն պաշտոնյայի անունը, ով կբերի ու մեր բալիկներին կթողնի Ստեփանակերտում, ես դա երաշխավորում եմ»:

Այս մասին երեկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նաև խոսել է երկրում ստեղծված իրավիճակի մասին. «Սով, ամեն ինչի պակաս, մեր հղի կանայք կորցնում են չծնված երեխաներին, մեր ամեն երրորդ մահ այսօր թերսնման արդյունք է, դուք կարող եք վիրավորել ինձ, հայհոյել, քննադատել, ուզում եմ ներողամիտ լինեք, հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին՝ գերտերություններին, ՄԱԿ-ին…

Շատ երկար ենք քննարկել, ինչ-որ միասնական որոշում չենք կայացրել, բայց ես՝ որպես երկրի նախագահ, պարտավոր եմ այդ որոշումը ասել, եթե չհարգվի ժողովրդի կողմից, ապա դա այլ հարց է: Մի քանի օրվա ընթացքում պետք է լուծենք հացի խնդիրը, հումանիտար խնդիրը: Քննարկվել է նաև նախագահի պաշտոնում հետագա իմ մնալ չմնալու հարցը, վաղը և մյուս օր կորոշենք, եթե պետք է՝ ես հրաժարական տամ, կտամ…»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Վերջինիս ելույթի ժամանակ պարբերաբար ներկաներն ընդվզել են, միաձայն պահանջել, որ լուծեն Ղարաբաղի հարցը. երկրից ոչ ոք դուրս չի գալու:

Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է. «Մինչև սով սպասել ենք ու հավատացել, Պուտինին էլ ենք հավատացել, Բայդենին էլ ենք հավատացել, Մակրոնին էլ ենք հավատացել, ՀՀ իշխանությանն էլ ենք հավատացել: 30 տարվա ազատագրական պայքարը, զոհվածների հիշատակը փորձել ենք պահել, հիմա մեզ սոված են պահում»:

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանն այս գիշեր Ազգային ժողովում ավելի քան 6 ժամ խորհրդակցություն է անցկացրել, եղել է քննարկում, որից հետո Վերածննդի հրապարակում հավաքվածներին ներկայացրել է այդ քննարկման արդյունքները։

Ըստ Հարությունյանի՝ քննարկվել է 3 հարց՝ անցակետից առևանգված 3 երիտասարդի ճակատագիրը, հացի խնդիրն ու առաջիկա օրերին իր հնարավոր հրաժարականի հարցը, սակայն վերջինի մասին շուրջ 6 ժամ տևած քննարկման արդյունքում միասնական որոշման հասնել չեն կարողացել։

«Քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը։ Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ, կտամ»,- ասել է Հարությունյանը։

Լաչինի անցակետից ադրբեջանցի սահմանապահների կողմից երեկ առևանգված 3 երիտասարդի ճակատագիրը պարզելու և տեղեկություն ստանալու նպատակով երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights