Վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ են սկսել ահազանգել կիբեռհանցագործությունների և կիբեռոտնձգությունների մասին. տելեգրամյան ալիքները, սոցիալական ամենատարբեր ցանցերն ահաբեկման ու գումար կորզելու միջոց են դարձել:
Վերջինս նկատում է՝ խնդիրն այն է, որ մարդիկ անձնական տվյալները պատշաճ ուշադրության չեն արժանացնում, շատ հաճախ դրանք անտեսվում են, հատկապես՝ առցանց տիրույթում:
«Օրինակ, եթե ես անձնագիր եմ գտել ու առանց անձնագրային տվյալները փակելու հրապարակել եմ այն՝ վերջինիս տիրոջը գտնելու նպատակով, ապա խախտել եմ համաչափության սկզբունքը: Լրիվ բավարար է, որ մարդն իր անձնագիրը նկարով տեսնի ու գտնի, պետքականից ավելի շատ տվյալները միշտ էլ ռիսկային են: Տարբեր անձնական տվյալներ տարբեր օբյեկտիվ զգայունություն կարող են ունենալ, օրինակ՝ մարդու անձնական կյանքի մասին տեղեկությունները, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի մասին տեղեկությունները, մարդու զգացմունքները կարող են կյանքին միջամտելու ռիսկը մեծացնել կամ խտրականության կամ ծաղրի առիթ դառնալ»,- ասում է Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ հաճախ տեղեկությունը հրապարակվում է՝ մարդուն օգնելու, պաշտպանություն ակնկալելու, իրավունքի խախտման մասին բարձրաձայնելու նպատակով, սակայն շատ ժամանակ նման դեպքերից հետո մարդը հնարավորություն չի ունենում օգտվելու իր՝ մոռացված լինելու իրավունքից, քանի որ տեղեկատվությունը մնում է համացանցում: Փորձագետը հիշեցնում է Գավառում տեղի ունեցած դեպքի մասին, երբ մեծ արագությամբ տեսանյութը տարածվեց համացանցում, որտեղ մայրը ֆիզիկական ու սեռական բռնություն է իրականացնում իր դեռահաս երեխայի նկատմամբ՝ դրանում ներգրավվելով մյուս երեխաներին:
«Երբ որ մարդիկ առանց դեմքը փակելու, առանց երեխային ապաանձնավորելու դեպքի մասին ահազանգում էին սոցիալական կայքերում՝ բոլորի համար հասանելի եղանակով դա հրապարակելով, նշանակում է, որ համացանցը ինդեքսավորում է այդ տեղեկությունը, ու տարիներ հետո էլ, առանց պետական սահմանները հաշվի առնելու, առանց որևէ ժամկետի սահմանափակման, այդ մարդու կյանքի դժբախտ ժամանակաշրջանի վերաբերյալ նյութերը հասանելի են լինելու: 10, 20 տարի հետո, եթե ինչ-որ մեկն ուզենա այդ աղջկան որոնել նկարով կամ անունով, կբերի նաև այդ տեսանյութը, համացանցը թույլ չի տա, որ նա մոռանա այդ դժբախտ ու խայտառակ դեպքը: Հետագայում ինչ ասես, կարող է լինել, ով ասես, կարող է թիրախավորել այդ նույն մարդուն»,- ընդգծում է Հայրապետյանը:
Փորձագետի խոսքով՝ յուրաքանչյուր անձնական տվյալ, սուբյեկտիվ զգայունությունից բացի, ունի նաև օբյեկտիվ զգայունություն. «Ինչքան շատ են կենսաչափական տվյալները, այդքան հեշտ է մարդու անունից հանդես գալը, ինչքան շատ են խտրականության հիմք հանդիսացող տվյալները, այնքան հեշտ է խտրականության ենթարկել, ինչքան շատ են մասնավոր կյանքի տվյալները, այնքան հեշտ է մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը միջամտելը: Կածված դեպքից, մարդու մասնագիտությունից, կարգավիճակից, միջավայրից, համայնքից՝ հնարավոր են բազմաթիվ այլ՝ ոչ իրավաչափ միջամտություններ համացանցում անձնական տվյալների հետ անզգույշ վարվելու պատճառով»:
Զրուցակիցն ասում է՝ պետք է նկատի ունենալ, որ մարդն ունի երկու էություն՝ ֆիզիկական և վիրտուալ, և այն բոլոր բացասական հետևանքները, բոլոր հանցագործությունները, ոչ իրավաչափ արարքները, որոնք հնարավոր են ֆիզիկական կյանքում, կարող են արտացոլվել նաև վիրտուալ հարթակում:
«Կարող են փորձել ապատեղեկատվություն տարածել, կամ անձնական տվյալներ կորզել. մարդուց բանկային տվյալները վերցնեն ու գումարը տանեն, կարող են օգտագործել անձնական տվյալները՝ ուրիշի նկատմամբ միջամտության համար, այսինքն՝ անձնական տվյալները դառնան և՛ միջամտության պատճառ, և՛ միջամտության գործիք»,- նշում է նա:
2020 թվականի հաշվետվությունից պարզ է դարձել, որ համակարգային խնդիր ունենք չիմացության, այսինքն՝ հանցագործությունը շատ դեպքերում հաջողության է հասել մարդու վարքագծի ու համացանցային չիմացության պատճառով, ասում է փորձագետն ու օրինակներ բերում.
«Եթե հանդերձարանում շոր ես փորձել ու կիսատկլոր նկար ես ուղարկել ծանոթիդ, ընկերուհուդ, մայրիկիդ, կնոջդ, ամուսնուդ խորհուրդ հարցնելու համար, երբ որ խորհուրդը տվեց, դու կողմնորոշվեցիր, շորը առար կամ չառար ու խանութից դուրս եկար, նպատակն արդեն սպառվել է, դրանից հետո պե՞տք է, որ նկարը, նամակագրությունը այնտեղ մնան, ո՛չ, ուրեմն պետք է ջնջել, որովհետև քո ու քո ծանոթի էջը, եթե հանկարծ կոտրեն, ապա հանցագործի ձեռքում կհայտնվի քո կիսատկլոր նկարը: Իմ լեկցիաների ժամանակ մարդկանց հարցնում եմ՝ իրենց հեռախոսի բոլոր կոնտակտներն ինձ կփոխանցե՞ն, ասում են՝ ոչ, ինչու պետք է տվյալները փոխանցեն ինձ: Ինչո՞ւ եմ ասում համացանցային առանձնահատկություն, որովհետև, երբ ֆիզիկապես կանգնած ես լինում մարդու «գլխին», հասկանում է, որ վտանգավոր է ու չպետք է տվյալներ տա, իսկ Getcontact-ի դեպքում հավելվածն ու ինտերնետը հեռավորության խաբկանք են ստեղծում»,- ասում է նա:
Գևորգ Հայրապետյանի նկատառմամբ՝ համացանցում պետք է ամեն ինչին մոտենալ կասկածի կանխավարկածով, այսինքն՝ ամեն ինչ դնել կասկածի տակ, ևս մեկ կամ մի քանի աղբյուրերով ստուգել, անգամ եթե հարազատ մարդուց են նամակ ստանում, որը գումար է խնդրում, զանգել, հարցնել այդ մասին և այլն:
Բաց մի թողեք
Փաշինյանի հեռացումը ծրագիր չէ, ծրագիր կլինի, թե ինչպես իրականացնել դա
Կվերսկսվի 40 հազար դրամ բնակվարձերի տրամադրումը
1295 ընտանիք տեղավորվել է Գեղարքունիքում