October 1, 2023

Իջևանի խանութից գողություն կատարած երիտասարդն իրեղեն ապացույցները ձեռքին ձերբակալվել է

Օգոստոսի 29-ին, կեսգիշերից քիչ անց, Տավուշի մարզի պարեկներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ երեկոյան Իջևանի Անկախության փողոցում գտնվող խանութի դռան փականը կոտրելու միջոցով մտել ու գողություն են կատարել:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը, նաև՝ քննիչ, փորձագետ ու պարեկներ:

Մթերային խանութից գողացել էին տարբեր տեսակի ծխախոտներ՝ պատճառելով մոտ մեկ միլիոն դրամի վնաս:

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանգուցալուծվել են նույն օրը, ժամը 17:10-ին:

Իջևանի Բլբուլյան փողոցում հայտնաբերվել և մի տղամարդու «Լեքսուսը» նստելու պահին ձերբակալվել է գողության մեջ կասկածվող 34-ամյա երիտասարդը:

Նրա ձեռքին եղել է պոլիէթիլենային պարկ` տարատեսակ ծխախոտներով լի, որոնց ընդհանուր արժեքը կազմեց 150 հազար դրամ:

Վարորդն ու 34-ամյա երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

Երիտասարդը տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights