September 26, 2023

Փարիզի քաղաքապետը Սյունիքից դիմեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որն այցելել է Հայաստան՝ դեպի ԼՂ ֆրանսիական կողմի մարդասիրական բեռով շարասյունն ուղեկցելու նպատակով, այսօր Սյունիքի մարզում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նախ շնորհակալություն հայտնեց բոլոր պատվիրակություններին ու դրանց անդամներին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել և այսօր իր հետ եկել են Հայաստան։

Նրա խոսքով՝ հումանիտար օգնությունը ներկայացնում է Ֆրանսիայի 6 շրջան, մեկ շրջանի նախագահ, Փարիզի, Մարսելի և Ստրասբուրգի քաղաքապետները։

«Շնորհակալ եմ նաև Փարիզի քաղաքային խորհրդի մեր բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին։ Մեր պատվիրակությունը ներառում է քաղաքական ամենատարբեր հայացքների ու կուսակցության մարդկանց, բայց մեզ բոլորիս միավորում է Հայաստանը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Արցախի ու Հայաստանի իշխանություններին, ՀՀ ԱԳ նախարարին, Սյունիքի մարզպետին ու Գորիսի քաղաքապետին մեզ այստեղ ընդունելու համար։ Այստեղ ենք այսօր, որովհետև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը դիմել է մեզ և ասել, որ ժամանակն է գործել ու դիմել Ֆրանսիայի տեղական իշխանություններին, որպեսզի միավորվենք ու կարողանանք մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին, որը կգա կհասնի սահման ու կփորձի հասնել Արցախ»,- ասաց նա։

Ըստ նրա՝ 10 բեռնատարի մեջ ոչ միայն պարենային միջոցներ են, այլ նաև չհնացող գեներատորներ ու արևային պանելներ։ Այսինքն՝ այն, ինչը հնարավորություն կտա ԼՂ ժողովրդին դիմադրել․ «Այս մարդասիրական օգնությունը նախատեսված է Արցախի 6 քաղաքների համար, որոնք անցյալ տարվա դեկտեմբերից շրջափակման մեջ են։ Կանայք, երեխաները, նորածինները, տղամարդիկ այլևս չեն կարողանում արժանապատիվ ապրել իրենց հողի վրա։ Մեր ուղերձը հստակ է. նախ կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը, Արցախի բնակաչությունը շրջափակման մեջ է անկախ իր կամքից, և սա իրականցվում է՝ խախտելով միջազգային իրավունքը և 2020 թվականի հրադադարի հայտարարությունը»։

Փարիզի քաղաքապետը ընդգծեց, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում ԼՂ-ում, նման է ցեղասպանության։

«Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազն այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, որակում է ցեղասպանություն, և ցեղասպանության կետերից 4-ը ճանաչել է նաև միջազգային հանրությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականը, որը պատասխանատու է ցեղասպանության կանխարգելման համար, ևս նույնն բառն է օգտագործում։ Ցեղասպանություն, էթնիկ զտում ավտորիտար ռեժիմի կողմից մի ժողովրդի հանդեպ, որը պարզապես պահանջում է իր իրավունքները, որն ունի ցանկացած մարդ ու ժողովուրդ։ Այս իրավիճակն է, որ մենք եկել ենք դատապարտելու ու դիմում ենք Ֆրանսիայի նախագահին, որ նա օգտագործի իր դիրքը՝ Արցախի ժողովրդի իրավունքների համար բանաձև ընդունելու համար»,- ասաց նա։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights