September 22, 2023

Կամավոր ատեստավորման հարցում ամենավիճահարույցը, իհարկե, թեստերն են, որոնք, ըստ ուսուցիչների, ավելի են բարդանում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորման ժամանակացույցը:

«Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Շախմատ» առարկաներինը՝ սեպտեմբերի 24-ին, «Հայոց լեզու», մայրենի՝ ազգային փոքրամասնության դպրոցների համար, «Հասարակագիտություն» առարկաներինը՝ սեպտեմբերի 30-ին, «Տարրական ուսուցման մեթոդիկա», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Երգ-երաժշտություն»` հոկտեմբերի 1-ին, «Պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «ՆԶՊ» եւ «Ֆիզկուլտուրա»` հոկտեմբերի 7-ին, «Մաթեմատիկա» եւ «Ինֆորմատիկա»՝ հոկտեմբերի 8-ին:

2023-ից սկսած՝ ատեստավորումն անցկացվում է բոլոր ուսուցիչների համար։ Ավելի վաղ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հրապարակել էր ուսուցիչների ատեստավորման քննական թեստերի ուղեցույցները՝ ըստ առարկաների: Այն իրականացվում է գրավոր եղանակով: 2023 թ. կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները: Նաեւ՝ միջին մասնագիտական որակավորմամբ այն ուսուցիչները, որոնց մասնագիտական գործունեությունը 2023-ի օգոստոսի 20-ից դադարեցվելու է, եթե մինչ այդ չապահովեն ուսուցչին ներկայացվող պահանջները: Միջին մասնագիտական կրթությամբ այն ուսուցիչները, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը եւ կապահովեն նվազագույնը 60 տոկոս արդյունք, չեն ազատվի աշխատանքից: 60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչները կհամարվեն ատեստավորված՝ առանց հավելավճարի հատկացման եւ դրույքաչափի փոփոխության: 70-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի դրույքաչափը կբարձրացվի, կտրվի համապատասխան հավելավճար:

Ի դեպ, նախօրեին Երեւանում կայացած օգոստոսյան վերջին խորհրդակցության ժամանակ նախարարը տեղեկացրեց, որ այդ 1300 ուսուցչից 700-ը նորից դիմել է կամավոր ատեստավորման համար, ու հաջող արդյունքի դեպքում կշարունակեն աշխատանքը: Բայց եթե անգամ այդ 700-ը հաջող հանձնեն ատեստավորումը եւ շարունակեն իրենց աշխատանքը դպրոցներում, միեւնույն է՝ մյուս 500 ուսուցիչներն օգոստոսի 20-ից ազատվում են աշխատանքից, ինչը նշանակում է, որ կրթական համակարգն ունենալու է առնվազն 500 ուսուցչի պակաս։

Կամավոր ատեստավորման հարցում ամենավիճահարույցը, իհարկե, թեստերն են, որոնք, ըստ ուսուցիչների, ավելի են բարդանում։

«Հիմնական դպրոցի ծրագիրը թեթեւացնում են, բայց հիմնական դպրոցի ուսուցչից պահանջում են նաեւ ավագ դպրոցի ծրագիրը՝ թեստերով,- ասում է զրուցակիցս ու նկատում, որ բազմաթիվ զուգաձեւություններ կան թեստերում։- Հիմք են ընդունում 74 թվի ձեռնարկները, բայց շատ բաներ գիտենք նոր հեղինակների տվածով։ Այսինքն՝ մի հատ էլ թեստը գրելուց պիտի մտածես, թե որ թվի պահանջով լրացնես, ճիշտ է, ասում են՝ հիմնական դպրոցի ուսուցիչն էլ պիտի իմանա՝ ինչքան որ ավագինը, բայց եթե տարիներով որոշ թեմաներ չես դասավանդում, զուտ որպես կրկնուսույց ես անդրադառնում այդ թեմաներին, էլի անհավասար դաշտ է ստեղծվում ավագ դպրոցի ուսուցչի հետ»։

Ատեստավորման տեւողությունը 2 ժամ է։ Դիցուք, հայերենի հարցաշարը 30 հարցից է՝ մոտ 13 էջ։ «Նույն հարցով մի քանի վարժություն են դնում։ Հոգնեցնող, ձանձրալի թեստեր, որը ոչ մի մանկավարժական հմտություն չի որոշում, թվում է՝ գիտելիք պիտի ստուգի, բայց զուտ կրկնուսույցի հմտություններ են ստուգվում։ Միաժամանակ ահավոր ուշադրություն պահանջող թեստեր են, բայց ժամանակը չի հերիքում նույնիսկ, որ մի հատ հետ դառնաս` ստուգես»։
Դժգոհություններ կան նաեւ «Հայոց պատմության» թեստերից` երբեմն աբսուրդ տեղեկություններ են ստուգում, օրինակ՝ ուրբանիզացիայի մակարդակն այսինչ թվին, այսինչ երկրում։ Հայոց պատմության հետ մեկտեղված են նաեւ համաշխարհային պատմության հարցեր։

Նշենք, որ կամավոր ատեստավորվելու հայտ է ներկայացրել շուրջ 6 հազար 355 ուսուցիչ: 2 տարի է՝ ծրագիրն իրականացվում է, բայց 37 հազար ուսուցչից միայն 13 տոկոսն է մասնակցել կամավոր ատեստավորմանը, ինչը շատ ցածր ցուցանիշ է։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights