Ամենապատասխանատու պահն է:
Առավել քան երբևէ, զգոնությունը, սթափությունը բազմապատկելու, համախմբելու և համախմբվելու, հանուն ինքնիշխանության ու անկախության պահպանման ևս մեկ, կարծում եմ, հուժկու ալիքի դիմակայելու պատասխանատու պահն է ։
Հետևողականորեն համակարգված գործողությունների շարք. հայաքվե, Լաչինի միջանցքի շրջափակում, միջազգային ատյաններում, մասնավորապես, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերին հայանպաստ որոշումների ու բանաձևերի ընդունումը կանխելու բացահայտ քաղաքականություն, ամեն գնով բանակցային գործընթացի տապալում արևմտյան հարթակներում, Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների պարտադրում Ադրբեջանի տարածքում, արցախահայերի առևանգման գործընթացի կազմակերպում, Աղդամի ճանապարհի բացման պարտադրում, սովամահության և տեղահանության, էթնիկ զտումների և ցեղասպանության սպառնալիքի պայմաններում Արցախի նախագահի հրաժարականի պարտադրում և այլն, և այլն։
Փաստերը բազմաթիվ են և անհերքելի, որոնք վկայում են ռուս-ադրբեջանական կողմի և 5-րդ շարասյան համակարգված ու փոխլրացնող գործունեության մասին։ Սա կլինի իրենց գրանցած շոշափելի արդյունքը՝ Արցախի նախագահի հրաժարականին հասնելու, որպես բանակցող կողմ Արցախի լեգիտիմության խիստ սահմանափակման, ապա նաև Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների կասեցման, Արցախում անկառավարելիության հաստատման ճանապարհով իրականացնել արցախահայերի ինտեգրման լավրովյան գործընթացը։
Աստված մի արասցե։
Որքան ուժգնանում է միջազգային ճնշումը Ալիևի վրա, որքան ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման, հայկական գործոնը կարևորելու ուղղությամբ, այնքան ավելի ագրեսիվ շտապողականություն է դրսևորվում ռուս-ադրբեջանական կողմից։ Վերջապես, թեև շատ ուշացումով հնչեց մեր արտգործնախարարության սպառիչ պատասխանը, իրերն իրենց անունով կոչելու համարձակությամբ։
Վախվորած ու երկչոտ պահվածքը՝ հումանիտար աղետի քաղաքական պատճառներն ու պատասխանատուներին քողարկելու քայլերը, ոչ թե զսպել, այլ ավելի են լկտիացրել ռուս-ադրբեջանական կողմին: Նորից ու նորից ընդգծում եմ այլևս ժամանակ չի մնացել հետաձգումների ու սպասումների, հայտնվել ենք վախվորած ինքնասպանության մեջ: Դեպի արևմուտք քայլեր ձեռնարկելու, արևմտյան աջակցություն պարտադրելու այլընտրանք չկա:
Քայլ անենք. հրավիրել արտահերթ նիստ և վավերացնել Հռոմի ստատուտը, հետևողականորեն դիմել միջազգային փաստահավաք խումբ հրավիրելու Լաչինի միջանցք և Արցախ (կառավարության վերջի նիստին ՀՀ վարչապետը հանդես եկավ նման հայտարարությամբ), ձևակերպել հստակ պահանջ արցախահայության կողմից՝ միջազգային խաղաղապահ ուժերի տեղալայում Լաչինի միջանցքում:
Մոռանանք մեր բոլոր հիասթափություններն ու դժգոհությունները, անտեսենք իշխանությունների վրիպումները, անվճռականությունն ու երկչոտությունը, հաճախ էլ՝ ոչ կոմպետենտությունը։
Իշխանությունները պետք է գիտակցեն, որ ամենաթողությունը և կարգուկանոնի բացակայությունը ժողովրդավարություն չեն։ Եվ պետք է գործեն հստակ՝ հինգերորդ շարասյան կործանարար ցնցումները սկզբից ևեթ կանխելու: Թեև համատարած գորշությունը, անճաշակությունը, անպատասխանատվությունը, խղճահարույց կադրային քաղաքականությունը (բավական է մատնանշել Անահիտ Ավանեսյան-առողջապահություն և Ժաննա Անդրեասյան-մշակույթ անհամատեղելիությունը և այլն) խոր հիասթափություն ու զզվանք են առաջացրել հասարակության լայն շրջանակներում, սակայն դրսևորենք ուժ և մեծահոգություն՝ հաղթահարելու վրդովմունքն ու հիասթափությունը հանուն ավելի բարձր արժեքների՝ ժողովրդավարության և ինքնիշխանության:
Մերժեցինք Սերժին, մերժեցի՞նք 5-րդ շարասյանը, կարողանալու՞ ենք մերժել տերերին. ահա հարցերի հարցը։
Քայլ անենք, ուրեմն…
Բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյան
Բաց մի թողեք
Հայաստանը մնալու է կանգու´ն. Հայկ Կոնջորյանը ներկայացրել է հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը
Ինչ պետք է անեն բոլոր այն մարդիկ, ովքեր ՀՀ պետականության կողքին են. Կոնջորյանը մանրամասնել է
Իրականությունը տեսնելու համար պարզապես կարելի է էկրանի փոխարեն պատուհանից դուրս նայել. Հովհաննիսյան