September 22, 2023

Արցախի իմ մի մասնիկ Բորիսը․ Տիգրան Հակոբյան

1992 թ․ աշունն էր։ Գործից տուն վերադարձա, Սվետան ինձ ասեց, որ կեսօրին մի անծանոթ կին էր մեր բնակարանի դուռը ծեծել։ Ղարաբաղի բառբառով նա հիգիենայի պարագաներ էր խնդրել՛ օճառ, սրբիչ։ Պատմել էր, որ իր որդին՛ Բորիսը ականի պայթյունից վիրավորվել էր, Ստեփանակերտից տեղափոխել էն Մուրացանի մանկական հիվանդանոց, պիտի վիրահատեն։ Սվետան ինչ-որ բաներ հավաքել էր, ճամփել էր կնոջը։

Բայց էդ այցը տիկնոջս քունը խանգարել էր։ Երկու օր հետո մի տոպրակ սնունդ ու հիվանդանոցի համար անհրաժեշտ պարագաներ էր հավաքել, մորս հետ գնացել էր մանկական հիվանդանոց (մեր տնից հինգ րոպեի ճանապարհ էր)։ Գտել էին Բորիսին ու մորը՛ Էլմիրային։ Գտել էին ու այլեւս չէին կորցրել․․․։
Էլմիրան Բորիսի հետ Երեվանում մնացին մեկ տարուց ավելի։ 6-ամյա Բորիսին մի քանի անգամ վիրահատեցին, բայց ծունկը այդպես էլ վնասված մնաց, ոտքը չեր ծալվում, մանչուկը կռացած ու դժվարությամբ էր քայլում։ Պարբերաբար Էլմիրան (հաճախ Բորիսի հետ) գալիս էր մեր տուն, վառարանի վրա ջուր էինք տաքացնում, լողանում էին, ժամանակ էին անցկացնում, Բորիսը աղջիկներիս խաղալիքներով էր խաղում։ Մայրս ԳԽ պատգամավոր եւ նախկին սոցապնախարար Նարինե Բալայանի (որի հետ նույն դպրոցում էին սովորել) միջոցով հումանիտար օգնություն ստանալու ինչ-որ ցուցակի մեջ ընդգրկեց Էլմիրային, օգնում էինք ինչով կարող էինք։ Մի խոսքով, ընտանիքով Բորիսին ու նրա մամային «շեֆություն» էինք անում ու երջանիկ էինք։

Ոչ այնքան հաջող բուժումից հետո մայրն ու որդին վերադարձան Ստեփանակերտ, բայց Էլմիրան հաճախ էր Երեւան գալիս ինչ-որ գործերով, կամ Բորիսին էր բերում բժշկական հետազոտությունների։ Նրանց ընտանիքը շատ-շատ համեստ կյանքով էր ապրում․ ոչ Էլմիրան, ոչ իր ամուսինը մշտական աշխատանք չունեին, բայց ոչ մի անգամ դատարկ ձեռքով մեր տուն չէին մտնում։ Ղարաբաղի մեղրը, լոբին, նուռը, թթուն մեր տանը անպակաս էին։ Եթե ճիշտ եմ հիշում, 1997-ին բարեգործական ծրագրով Բորիսին Գերմանիա ուղարկեցին, այնտեղ հրաշագործ բժիշկները նորից ծունկը վիրահատեցին, Բորիսին ոտքի կանգնեցրեցին։ Բոյով-բուսաթով, ժպտերես, սիրուն տղա էր մեծանում․․․։

2004 թվի ամառն էր, եթե չեմ սխալվում։ Ստեփանակերտի դպրոցների մի խումբ շրջանավարտներին (որոնց թվում նաեւ Բորիսն էր) ուղարկում են հանգստի Հայաստանի երիտասարդական ճամբարներից մեկը։ Խմբի հետ Երեւան է գալիս նաեւ Էլմիրան, այստեղից ճամբար է ճանապարհում Բորիսին, հետո մեզ հյուր է գալիս։ Սվետայի պատմելով (ես տանը չէի) միշտ եռանդուն Էլմիրան այս անգամ շատ ընկճված եւ անհանգիստ էր, կարճ ժամանակ հետո հրաժեշտ է տալիս մերոնց ու գնում։ Հաջորդ օրը մեզ լուր է հասնում, որ շրջանավարտներով ավտոբուսը մարզերից մեկում վթարի է ենթարկվում, եւ մոտ երեք տասնյակ պատանիներից վթարի զոհ է դարնում հենց Բորիսը․․․։ Ցանկության դեպքում էլ չեմ կարող նկարագրել մեր վիշտը, կորստի դառնությունը, քարացել էինք։ Այդ օրը մենք առաջին անգամ կորցրեցինք Արցախի մեզ համար շատ թանկ ու կարեւոր մասնիկը։

Այդ ողբերգությունից հետո մի քանի տարի Էլմիրայից ոչ մի լուր չէինք ստանում, Սվետան էլ ուժ չեր գտնում զանգահարել Ստեփանակերտ։ Հետո անսպասելիորեն մեզ հյուր է գալիս Արցախի թեմում ծառայող Տեր Հակոբը եւ Էլմիրայի անունից մեզ մի պայծառ սրբապատկեր եւ ջերմ բարեւներ է փոխանցում։ Տեր Հակոբը պատմեց, որ Էլմիրան շատ արժանապատվորեն է սգում Բորիսի մահը, նախաձեռնել է գյուղական եղեղեցիներից մեկի վերանորոգումը, օգնություն է հավաքում չքավորներին, մխիթարվում է հավատքով ու աղջկա պարգեւած թոռնիկով։ Իսկ 2017-ին Սվետան առաջին անգամ տեսակցեց Էլմիրային Ստեփանակերտում։

Ողբերգության, անարդարության, անսահման մայրական սիրո, հավատքի մասին շատ անձնական պատմություն է սա․․․

*****
Որոշեցի գրել այս տեքստն այսօր, որովհետեւ չգիտեմ ինչ՞ խոսքեր ուղղեմ պաշարման մեջ գտնվող արցախցիներին տոնի կապակցությամբ, ինչպես հարգեմ արցախյան պատերազմներում զոհված տղաների հիշատակը։ Շրջափակումից հետո չեմ կարողանում ստիպել ինձ զանգահարել արցախցի իմ ընկերներին ու գործընկերներին, որովհետեւ ասելիք չունեմ։ Սվետան էլ՛ Էլմիրային։ Որովհետեւ, հայրենասիրական ալիքը հեծած գործիչների բոցաշունչ ելույթների հմտություն չունեմ։ Չգիտեմ, ինչպես պատասխանել ծանրագույն ժամանակներում բանակից ու երկրից թռած կամ որդիներին թռցրած անազնիվներին, որոնք այսօր փորձում են ինձ հայրենասիրություն դասեր տալ։ Շատ բան չգիտեմ։

Բայց դեռ հավատում եմ, որ երկու հազար տարի իր հայրենի օջախներում ապրած արցախցին երկու հազար տարի էլ կապրի այդ հողում։ Ի հեճուկս ձեր բայղուշության, այդ չքնաղ երկիրը ձեր անազնիվ ու անձնական նպատակներին ծառայացնելու նենգ մտադրություններին։

Որովհետեւ, այդ հողում Էլմիրայի պես մարդիկ են ապրում․․․

%d bloggers like this:
Verified by MonsterInsights