September 24, 2023

«Վերցրու նրան, որ էլ չասես մենակ մնացի»․ ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մխիթարյանի քույրը

Շենգավիթ բժշկական կենտրոնը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«Ծանոթացեք փոքրիկ Վանեն է` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մխիթարյանի նորածին քույրը

Վահեի մայրը` 44-ամյա Լուսիկ Մանուչարյանը, պատմում է, որ ամուսնու հետ մտադրություն չեն ունեցել կրկին երեխա ունենալու, սակայն դուստրը, ով եղբոր կորուստը շատ ծանր է տանում, մի անգամ երազ է տեսնում, որում եղբայրը մի նորածին աղջիկ երեխա է քրոջը տալիս ու ասում` «Վերցրու նրան, որ էլ չասես մենակ մնացի»:

Դստեր երազից հետո, հենց նրա ներգործությամբ որոշում են դիմել «Շենգավիթ» ԲԿ, իսկ այսօր արդեն հրաշք Վանեին գրկած գնում են տուն:

Խորհրդանշական երազները շարունակվել են նաև Լուսիկ Մանուչարյանի հղիության ընթացքում: Մայրը հուզված պատմում է` դժվար հղիության ընթացքում որդին անդադար երազներով այցելել է իրեն, մի անգամ էլ եկել է ու ասել` «Մամ ջան, չմտածես գալու եմ, ու գնամ սովորելու»։

Լուսիկը խոստովանում է՝ սրտի խորքում հենց աղջիկ էր ուզում ունենալ, ասում է` թեկուզ միայն իր սրտում, բայց տղա ունի, իսկ տարիներ հետո հոգեպես հաստատ այլևս ուժ չէր ունենա նրան բանակ ճանապարհելու։

Փոքրիկ Վանեին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանը, իսկ նրա առաջին բժիշկն է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը»։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights