October 4, 2023

Արտակ Բեգլարյանը՝ ԼՂ նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին

«Պարզվում է՝ երեկ մի տելեգրամյան ալիք բացարձակ կեղծ տեղեկություն է հրապարակել, թե իբր տարբեր ներքին ու արտաքին ուժեր լոբբինգ են անում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ թեկնածության օգտին»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԼՂ նախկին պետնխարարի խորհրդական, օրերս հրաժարական ներկայացրած Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ կարող է միանշանակորեն պնդել, որ ընդհանրապես նման թեմա չի քննարկել որևէ մեկի հետ:

«Նույնիսկ այդպիսի գաղափար չի անցել մտքովս, քանի որ նման ցանկություն ո՛չ ունեմ, ո՛չ էլ ունեցել եմ: Իսկ արտաքին որևէ ուժի հետ ինձ կապողները թող իրենց պատվիրատուների մասին մտածեն: Ես ձեր տեսակից չեմ, որ ներքին որևէ հարց լուծելու համար արտաքին ուժի դիմեմ:

Ավելին կասեմ, ես ինքս ինձ չեմ համարում Նախագահի դիրքի համար համապատասխան անձ՝ տարբեր հանգամանքներ հաշվի առնելով: Ես պատրաստ եմ անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս իմ ողջ կարողություններով, բայց յուրաքանչյուր ոք պետք է իրեն համապատասխան դիրքում ու միջոցներով ծառայությունն իրականացնի:

Ով էլ ընտրվի Հանրապետության նախագահ Սահմանադրությամբ նախատեսված կարգով, ես պատրաստակամ եմ հնարավորինս աջակցելու նրան, որ հատկապես այս ծանրագույն շրջանում կարողանա Արցախն առաջնորդել մեր առջև ծառացած ահռելի մարտահրավերները պատվով հաղթահարելու ուղով:

Ես ինչի մասին եմ մտածում, ոմանք՝ ինչի»,-գրել է Բեգլարյանը:
%d bloggers like this:
Verified by MonsterInsights