September 22, 2023

Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ։

«Մենք այս հարցում արդեն պարզաբանում ենք խնդրել հայկական կողմից և կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման:

Այն, որ Կառավարությունը պատրաստվում էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը, ներկայացնել Ազգային ժողովի վավերացմանը, հայտնի էր դարձել դեռ այս տարվա հունիսին։ Որոշումը մի շարք քննադատությունների առիթ էր տվել․ ռուսական կողմից հայտարարություններ էին հնչում, թե Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները պետք է ուսումնասիրեն հանրապետության՝ Հռոմի կանոնադրությանը միանալու հետևանքները և գնահատեն Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների հետ կապված ռիսկերը։

Հայկական կողմի արձագանքն էլ հստակ էր՝ Հռոմի ստատուտի ընդունման հարցը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights