Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց նախագծի, որով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվեց 710 հազար ֆունտ ստերլինգին համարժեք դրամ՝ որպես Լոնդոնում դեսպանատան համար գնվող շենքի կանխավճար:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը 1992 թվականից ի վեր տեղակայված է Լոնդոնի «Հայ տան» կողմից տրամադրված շենքում և տեղեկացվել է 2024 թվականին տարածքը ազատելու անհրաժեշտության մասին:
Վերջինս նշեց, որ 2023թ. ապրիլ ամսից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են իրականացվել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով: Անշարժ գույքը գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում՝ մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office),ՄԹ խորհրդարանի և ՄԹ վարչապետի, պաշտպանության նախարարության, անվտանգության խորհրդի և այլ պետական մարմինների հարևանությամբ, որոնց հետ դեսպանությունը իր գործունեության ընթացքում գտնվում է ակտիվ կապի մեջ. «Շենքը նախատեսվում է ձեռք բերել 17 միլիոն 380 հազար 800 ֆունտ ստերլինգ գումարով»:
Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Նախագծում կարդացել եմ, որ դեսպանատանն առաջարկվել է դուրս գալ այդ տարածքից: Մենք էլ ենք ուզում շատ վաղուց դուրս գալ այդ տարածքից, որովհետև ես, ճիշտ է, անձամբ չեմ եղել, բայց ովքեր եղել են և պատմում են, և այն լուսանկարները, որ ես տեսել եմ, ամենայն հարգանքով և շնորհակալությամբ այն մարդկանց, որոնք տրամադրել են այդ տարածքը, բայց, կներեք, իրեն հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարել դեսպանատուն: Բա ասում ենք ո՞ւր ա մեր դիվանագիտությունը, մեր դիվանագիտությունը մի հատ զբոսայգու մեջ իշաոտնուկ դրած, վրեն նստած ա, մի հատ էլ մեր դրոշն է վերևը կախած, ասում ենք՝ սա մեր դեսպանատունն է: Իմ անձնական դիրքորոշումն է եղել, որ մենք բոլոր տեղերում պետք է ունենանք պատշաճ դեսպանատներ»:
Բաց մի թողեք
Բոլոր համապատասխան մարմինները ստացել են հանձնարարականներ, արձագանքը կոտ է լինելու. վարչապետ
Այսօր մենք կրում ենք անասելի տառապանքներ, բայց կարևոր է հասկանալ՝ ինչու պիտի անցնենք այս ճանապարհը. վարչապետ
Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած. հավատում եմ քեզ, իմ իմաստուն ժողովո՛ւրդ. Ալեն Սիմոնյան