September 27, 2023

Լեռնապատի նախկին ղեկավարը համայնքապատկան հողը տարեկան 912 դրամով 25 տարով տրամադրել է ինքն իրեն. գործը դատարանում է

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի նախկին ղեկավար Վ.Ե.-ն, 2007-2012 թվականներին ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում հեռահաղորդակցության օպերատորը բարձր վարձավճարով ալեհավաք կայան է տեղադրելու և շահագործելու, անցկացրել է վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ:

Վ.Ե.-ն իր գլխավորած մրցույթում հաղթող է ճանաչել ինքն իրեն և 2007 թվականի սեպտեմբերի 25-ին լիազորված անձանց միջոցով ինքն իր հետ կնքել գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր 25 տարի ժամկետով, տարեկան 912 դրամ վարձավճարով:

Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Պայմանագիրը կնքելուց հետո Վ.Ե.-ն վերոնշյալ հողամասի 0,2 հա մակերեսով տարածքը տարեկան 480 հազար դրամ վարձավճարով հանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությանը: Արդյունքում 2007-2010 թվականներին վերոնշյալ կազմակերպությունից ստացել է 2 մլն 317 հազար դրամ:

Բացի դրանից՝ Վ.Ե.-ն 2005 թվականի հունիսի 17-ին «Քարաբերդ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով համայնքային սեփականություն հանդիսացող՝ 38.0219 հա մակերեսով հողամասը 25 տարի ժամկետով, տարեկան 467 հազար 970 դրամ վարձավճարով, տրամադրել է «Քարաբերդ» ընկերությանը: 2005 թվականի հուլիսի 7-ին «Քարաբերդ» ՍՊ ընկերությունն իրեն հանձնված նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը, տարեկան 600 հազար դրամ վարձավճարի դիմաց, ենթավարձակալությամբ հանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությանը, այնուհետև՝ «Արմենթել» ՓԲ ընկերությանը: Արդյունքում՝ 2005-2012 թվականներին վերոնշյալ կազմակերպությունից ստացել է 2 մլն 317 հազար դրամ:

2023 թվականի հունվարի 24-ին Լոռու մարզային քննչական վարչության քննիչը որոշում է կայացրել քրեական վարույթը կարճելու մասին, որը հաստատել է հսկող դատախազը:

2023 թվականի ապրիլի 14-ին Գլխավոր դատախազի տեղակալը վերացրել է Լեռնապատ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու և վարույթը կարճելու որոշումը:

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 12-ին Վ.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):

Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 1-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights