September 24, 2023

Զախարովան կրկին «հին երգն է երգում»՝ ասելով, թե ՀՀ-ում արևմտամետ կառույցները «ցեխ են շպրտում» ՀԱՊԿ-ի վրա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր Երևանում կայանալիք ռուս-հայկական մեդիաֆորումի ժամանակ տեսաուղերձի միջոցով հայտարարել է, որ ՌԴ-ն մտահոգված է Հայաստանում աճող արևմտամետ մեդիակառույցների թվի համար։

Ըստ նրա՝ այդ կառույցները ուղղված են երկու երկրների հարաբերությունների վարկաբեկմանը։

«Մենք արձանագրում ենք բացասական հաղորդագրություններ, որոնք հաճախ առճակատման ոճով են գրված, որոնք կասկածի տակ են դնում Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանում։ Ցավոք, Հայաստանում կան նաև տեղեկատվական ռեսուրսներ, որոնք բացահայտորեն, կներեք, ցեխ են շպրտում, ոչ թե քննադատում են, այլ ցեխ են շպրտում մեր ընդհանուր միջպետական փոխգործակցության մեխանիզմների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա: Կցանկանայի ընդգծել, որ այս քարոզչությունը ոչ թե պարզապես խրախուսվում է, այլ առաջ է մղվում հավաքական Արևմուտքի կողմից շռայլորեն ֆինանսավորվող բազմաթիվ, այսպես կոչված, ՀԿ-ների, փորձագետների և դրամաշնորհների միջոցով։ Դատելով դրանց եթերի հագեցվածությունից և ծրագրերի որակից, ամերիկյան տարբեր հոսթինգների և սոցցանցերի հարթակներում նյութերի լայն տարածումից՝ նրանք միջոցների պակաս չունեն։ Ի վերջո, դա հեշտ է ստուգել»,- ասել է նա։

Նրա կարծիքով՝ այդ ամենի թիրախ է դառնում հիմնականում երիտասարդությունը։ Վերջինս մեղադրել է, իր խոսքով, արևմտամետներին առավել սուր թեմաներ թիրախավորելու համար․ «Ընդ որում, տարածաշրջանի ապագան նրանց ընդհանրապես չի անհանգստացնում, վերջնական նպատակն է գեղեցիկ խոսքերի քողի տակ պառակտում մտցնել եղբայրական ժողովուրդների միջև, խաթարել անվտանգությունն ու կայունությունը միայն մեկ նպատակով՝ թուլացնելու Ռուսաստանի ազդեցությունը և գլոբալ քաոս սերմանելու տարածաշրջանում։ Եվ, իհարկե, այս առումով աչքի առաջ Ուկրաինայի օրինակն է»։

Զախարովայի խոսքով՝ Հայաստանում ռուսական մեդիակոնտենտի պահանջարկ կա։ Աճում են ռուսական առաջատար հեռուստաալիքների, հասարակական-քաղաքական և ժամանցային ծրագրերի վարկանիշները․ «Կարծում ենք, որ Հայաստանում տեղական ԶԼՄ-ների ներկայության հետագա ընդլայնումը պահանջված կլինի և կնպաստի հայ-ռուսական տեղեկատվական փոխգործակցության մակարդակի բարձրացմանը և էական օգնություն կլինի երկկողմ երկխոսության հետագա զարգացման համար բարենպաստ մեդիամթնոլորտիձևավորման գործում: Մենք անհրաժեշտ ենք համարում հետագայում ևս բարձրացնել փոխըմբռնման մակարդակը, ջանքերի համակարգումը երկու երկրների լրագրողական համայնքների միջև»։

Մարիա Զախարովան այսօր Երևանում կայանալիք ռուս-հայկական մեդիաֆորումի ժամանակ տեսաուղերձի միջոցով առաջարկել է պարզ խոսել հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին։

Նա անթույլատրելի է համարել հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների համար Ռուսաստանին մեղադրելու հաշվին ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն հրահրելու փորձերը: Ըստ Զախարովայի՝ այդպիսի քայլ է մի շարք ռուս գործիչների մուտքը ՀՀ արգելելու մասին որոշումները։

«Նախադեպ է Պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի, «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, միջազգայնագետ Անդրանիկ Միհրանյանի, մեդիա-մենեջեր Արամ Գաբրելյանովի ընդգրկումը «սև ցուցակներում», ինչպես նաև ս.թ. օգոստոսին երկիր մուտք գործելու հնարավորության մերժումը Հայաստանի հետ Ռուսաստանի բարեկամության և համագործակցության ընկերության նախագահ, հանրապետությունում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախկին ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին»,- նշել է նա:

Գերատեսչության ներկայացուցչի կարծիքով՝ նման դեպքերը էական վնաս են հասցնում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությանը, հատկապես տեղեկատվական գծի վրա։

«Ռուս-հայկական մեդիաֆորումի անցկացման ժամանակ կատարված սադրանքն ուղղված է, հավանաբար, երկկողմ հարաբերությունների և մեր արդիական օրակարգի համար կարևոր այս միջոցառման խափանմանը։ Ակնհայտ է, որ այս սադրանքի հետևում կանգնած են հենց այն ուժերը, որոնք շահագրգռված չեն մեր երկրների և դրանց ժողովուրդների մերձեցմամբ, շահագրգռված են հակառակով՝ մարդկանց օտարելով, ատելություն, վախ, անվստահություն սերմանելով։ Առանձին ռուս փորձագետների հայտարարությունները ոչ մի համեմատության եզր չունեն հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներում հակառուսական արշավի հետ։ Իսկ մենք պայմանավորվել ենք այսօր անկեղծ խոսել խնդիրների մասին։ Ռուսաստանն իր հերթին շահագրգռված է, որ միասնաբար, ազնվորեն և կառուցողական ձևով փնտրի իրավիճակը շտկելու ուղիները»,- ասել է նա:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights