Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահ, փորձագետ Մեխակ Ապրեսյանի հետ զրուցում ենք այս օրերին Երևանում անցկացվող Տուրիզմի համաշխարհային ֆորումի, ներգնա տուրիզմի ու Սնուփ Դոգի համերգի մասին։
– Պարոն Ապրեսյան, նման ֆորումների կազմակերպումը ինչ կարող է տալ Հայաստանի տուրիզմի զարգացման համար։
– Սա միջազգային նշանակության շատ կարևոր միջոցառում է՝ Տուրիզմի համաշխարհային կազմակերպությանը, որը այս անգամ կազմակերպվել է Հայաստանում։ Այն և իմիջային, և ներդրումային հնարավորությունների նոր դուռ է։ Մասնավորապես՝ համաշխարհային կազմակերպության տնօրենն իր ելույթում Հայաստանը ներկայացնում է ներդրումների համար շատ կարևոր ու ազատ երկիր, ինչը կարող է իր ազդեցությունն ունենալ մեր երկիր ներդրումների ծավալների ավելացման հարցում։ Համոզված եմ, որ այս հայտարարությունից առաջ վերլուծվել են Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները, այլ գործոններ։
Ըստ Ձեզ, ինչ է պետք անել Հայաստանում ներգնա տուրիզմի զարգացման համար։
Ընդհանրապես, մենք ունենք համալիր միջոցառումների շարք, որոնց փաթեթը մեր ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ կառավարությանը, Զբոսաշրջության կոմիտեին։ Մենք մի շարք ուղղություններով աշխատանքներ ենք ձեռնարկել, և ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով, և ներդրումային միջավայրի բարելավման։ Հայաստանում այսօր վատը չէ ներդրումային միջավայրը, բայց տուրիզմի ոլորտում այսօր արդեն մենք պետք է մտածենք բարելավման մասին։ Խիստ կարիք կա լավ վերլուծություն անելու և տուրիզմի ոլորտում ներդրումային միջավայրը բարելավելու հարցում։ Այդ ուղղությամբ մենք ունենք առաջարկներ՝ և հարկային, և ոլորտի կառավարման համակարգի բարեփոխումների համար։ Անգամ նախագծերի տեսքով ուեննք այդ ամենը։ Հիմա ռազմավարության նախագիծ է մշակվել, մենք էլ հատուկ կարծիք ենք հայտնել ու առաջարկությունները ներկայացրել։ Պարզապես պետք է համատեղ աշխատել, համալիր միջոցառումներ իրականացնել։
Իսկ Սնուփ Դոգի համերգը, այն էլ Հրազդան մարզադաշտում, կարող է նպաստել Հայաստանում ներգնա տուրիզմի զարգացմանը։
Առհասարակ, բալոր տեսակի միջազգային նշանակության միջոցառումները հետաքրքիր են, սակայն ես, օրինակ, այդ համերգը, հնարավորության դեպքում, կկազմակերպեի որևէ մարզում, օրինակ, Սյունիքում, որտեղ շատ փառատոններ են իրականացվում տարվա ընթացքում։ Շատ են խոսում, թե այնտեղ անվտանգ չէ, համերգը կկազմակերպվեր, աշխարհի շատ երկրներից զբոսաշրջիկներ կգային․ կլուսաբանվեր, հրաշալի կլիներ։
Սնուփ Դոգի համերգի հետ կապված, տուրիզմի առումով, շատ ավելի արդյունավետ կլիներ, որ այն կազմակերպվեր ոչ թե սեպտեմբերին, երբ Հայաստանում տուրիստական պիկի շրջաններից է, այլ ավելի պասիվ ժամանակահատվածում, երբ տուրիստական պասիվ շրջանում Սնուփ Դոգը անուղղակիորեն կապահովեր տուրիստական հոսքեր դեպի Հայաստան։ Հետագայում կարելի է մտածել այդ մասին, խորհրդակցել Զբոսաշրջության պետական կոմիտեի, ոլորտի մասնագետներիս հետ։ Մանավանդ, երբ ծախսեր են արվում, ավելի նպատակահարմար ժամանակներ կան։ Նոր հոսքերը դեպի մարզեր ուղղորդելու համար, հարկ է նաև, որ մարզերում զարգացվեն ենթակառուցվածքները։
Բաց մի թողեք
Ինչպես է ազդել ԼՂ-ում իրավիճակը Ադրբեջանի և Վրաստանի հետ ՌԴ սահմանային անցակետերի գործունեության վրա
Իրանից Հայաստան և Ադրբեջան իրականացվող բոլոր չվերթները չեղարկվել են
Հայ ձեռներեց կանայք հանուն բարեգործության. Լուսանկարներ