Հայկական կոնյակը, որն արտադրվում է Հայաստանի քաղցրահամ խաղողից, աշխարհի գրեթե բոլոր երկրներում իր համային և որակական բարձր հատկանիշներով հայտնի է եղել դեռևս 19-րդ դարի վերջերից: Ընդ որում հայկական կոնյակների տեսականին չի զիջել նույնիսկ ֆրանսիականին:
Մեր երկրում նմանատիպ բարձրորակ կոնյակի և տարբեր ոգելից խմիչքների ընտրանի է արտադրվում <ԱՐԿՈՆ ԹՐԵՅԴ> ՍՊԸ-ում:
Տարիներ առաջ հիմնադրված արտադրությունն այսօր ղեկավարում է Սուրեն Սարգսյանը: Նա ծնվել է 1984 թվականին Երևանում: 2009 թվականին ավարտել է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետը, այնուհետև մագիստրատուրան և ասպիրանտուրան: Տնտեսական գիտությունների թեկնածու է:
Ուսման ընթացքում համատեղության կարգով աշխատել է Եվրասիական ակադեմիայում, այնուհետև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
Աշխատանքի է անցել ՊԵԿ-ՈՒՄՙ, <ԱՆԵԼԻՔ>, <ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ> և <ԲԻԲԼՈՍ> բանկերում, այնուհետև սկսել է բիզնես գործունեություն:
2016 թ. հիմնադրել է <ԱՐԿՈՆ ԹՐԵՅԴ> ընկերությունը:
Ձեռնարկությունում իրականացվող աշխատանքների, ներդրումների, ձեռքբերումների մասին զրուցեցինք ՍՊԸ-ի տնօրեն Ս. Սարգսյանի հետ:
– Պարոն Սարգսյան, ե՞րբ է հիմնադրվել արտադրությունը, ի՞նչ տեսականի է արտադրվում:
– 2016 թվականին է հիմնադրվել <ԱՐԿՈՆ ԹՐԵՅԴ>-ը, որը զբաղվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ և արտահանմամբ:
Տեսականին բավականին լայն է, այն ներառում է ալկոհոլային խմիչքների բազմաթիվ տեսակներ՝ կոնյակներ, վիսկիներ, գինիներ և մրգողիներ, բացառությամբ հացահատիկային օղուց:
– Որտեղի՞ց եք ձեռք բերում հումքը՝ խաղողը, անհրաժեշտ պարագաները:
– Հումքը հայկական արտադրության սպիրտ է, որն այս պահին ձեռք ենք բերում սպիրտային տարբերակից, քանի որ մեր մթերումը դեռ չունենք, բայց կարծում եմ, որ այս տարի ինքներս կմթերենք՝ գյուղացիների հետ պայմանագրեր կնքելով:
– Որտեղ է սպառվում պատրաստի արտադրատեսականին:
– Մեր արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, քիչ քանակությամբ նաև ԱՊՀ երկրներ:
2016 թ. արտահանել ենք ընդամենը մեկ մեքենա՝ 20000 շիշ, այնուհետև ամեն տարի այդ քանակը ավելացրել ենք մի քանի անգամ:
Արտադրատեսականին մեծ է, ունենք նաև <ՊՐԵՄԻՈՒՄ> ապրանքանիշ, որոնք <ԱՐԱՐԱՏ>-ի հետ մրցակից են և գնային առումով 15-20 տոկոսով ավելի ցածր են:
– Առաջիկայում, ի՞նչ աշխատանքներ կան, որոնք պետք է իրականացնեք:
– Արդեն 2 տարի է, ինչ սկսել ենք մեր գործարանի շինարարությունը։ Այն կոչվում է <ԱՐԱԳԱԾ ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ>: Մեր գործարանը նախատեսված է այս պահի ծավալից 5 անգամ ավելի մեծ ծավալի համար։ Շահագործման կհանձնվի երկու ամսից:
Գործարանի կառուցմանը զուգահեռ, մեր տարածքում խաղողի այգիներ ենք հիմնել, որոնք հետագայում կվերածենք բավականին հաճելի ու գրավիչ տուրիստական գոտու: Գործարանի տարածքը գտնվում է՝ Արագածոտնի մարզում, Արագած լեռան ստորոտին:
– Ի՞նչ սարքավորումներ, հոսքագծեր են օգտագործվելու արտադրությունում:
– Արտադրության հոսքագծերը իտալական արտադրության են, ներմուծել ենք Իտալիայից: Պահպանման տարաները Ռուս-Իսպանական կազմակերպության արտադրանք են: Սառնարանային հանգույցը, որը վերամշակման համար է, կրկին Իտալական արտադրության է:
Ունենք մեծ պահեստային մաս, որտեղ բոլոր դարակաշարերը ռուսական արտադրության են:
– Ցուցահանդեսների մասնակցություն, պարգևատրություն:
– Ամեն տարի փետրվարին Մոսկվայում մասնակցում ենք <Պրոդեքսպո> սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսին, որն ամենամեծն է Ռուսաստանում: Արժանացել ենք բազմաթիվ մրցանակների, այդ թվում գինիները՝ բրոնզից մինչև ոսկի:
Սոչիում անցկացվող EXPO-ի շրջանակներում ունեցել ենք կոնյակի մրցանակ, իսկ այս տարի Լոնդոնում մեր կոնյակներն արժանացել են արծաթե և ոսկե պարգևների:
Հ.Գ. Հուսանք, որ <<Արկոն Թրեյդ>>-ի արտադրած հայկական կոնյակի տեսականին համային և որակական բարձր հատկանիշների շնորհիվ առաջիկայում իրենց ուրույն տեղը կգտնի նաև աշխարհի բազմաթիվ երկրների շուկաներում:
ՄԱՆՎԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Բաց մի թողեք
Ինչպես է ազդել ԼՂ-ում իրավիճակը Ադրբեջանի և Վրաստանի հետ ՌԴ սահմանային անցակետերի գործունեության վրա
Իրանից Հայաստան և Ադրբեջան իրականացվող բոլոր չվերթները չեղարկվել են
Հայ ձեռներեց կանայք հանուն բարեգործության. Լուսանկարներ