September 25, 2023

Ինչպես կանդրադառնան Երևանի ընտրությունները քաղաքական դաշտի վրա

Ի՞նչ կտան Երեւանի ավագանու ընտրությունները դրան մասնակցող եւ չմասնակցող ուժերին։ Քաղաքագետների, քաղտեխնոլոգների մի մասը կարծում է, որ Արցախի եւ Հայաստանի համար բախտորոշ այս շրջանում պատասխանատվությունից խուսափած, ընտրությունները բոյկոտած ուժերը կարող են հայտնվել քաղաքական լուսանցքում, եւ հակառակը՝ նորահայտ, մինիմալ ռեսուրսներով խմբակներ շանս կունենան՝ ապագա զարգացումներում տեղ ունենալու։ 

Հրապարակ թերթը գրել է․ Այս տեսակետը կրողների կարծիքով՝ Երեւանի ընտրություններին պետք է մասնակցեին բոլոր միավորները՝ դա օգտագործելով որպես իշխանության գնալու միջոց։ Եթե անգամ ձախողեին, բոլոր դեպքերում, Երեւանի ավագանու ընտրությունը քաղաքական խոշոր գործընթաց է, եւ եթե չես մասնակցում այդ ընտրություններին, ապա ինքդ քեզ դուրս ես դնում քաղաքական գործընթացներից: Հակառակը պնդողներ էլ կան, որ Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում չի կարելի ընտրություններով զբաղվել, եթե չկա ընդդիմադիր միասնական թեկնածու։

Հիշեցնենք, որ ընտրություններին 14 ուժ է մասնակցում, այն բոյկոտել են խորհրդարանական ուժերը, որոշ արտախորհրդարանականներ, այդ թվում՝ երբեմնի ազդեցիկ ԲՀԿ-ն։ Դաշնակցությունը, որը չի մասնակցում այս ընտրություններին, արդյոք կհայտնվի՞ քաղաքական լուսանցքում, եւ ի՞նչ կստանան մասնակցող ուժերը: Այս հարցին ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանը որոշեց մեկ նախադասությամբ պատասխանել․ «Այս օրերին մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, թշնամու  զորքերի կուտակումը սահմաններին, արտաքին քաղաքական բոլոր խնդրահարույց այս վիճակներն ավելի կարեւոր են, քան որ մենք ժամանակ ծախսենք եւ խոսենք Երեւանի ավագանու ընտրություններից»։ Իսկ ի՞նչ են անում այդ մարտահրավերներին դիմագրավելու համար. Մանուկյանը հրավիրեց ՀՅԴ գրասենյակ, որտեղ կտեսնենք, թե իրենք ինչ են անում։

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, քաղաքագետ Արման Աբովյանի կարծիքով՝ Երեւանի ընտրությունները քաղաքական լանդշաֆտում էական փոփոխություններ չեն մտցնի, գուցե որոշ անհայտ ուժեր հայտնի դառնան, բայց չմասնակցողներն այս ընտրություններից հետո չեն հայտնվի քաղաքական աղբանոցում․ «Համապետական եւ քաղաքային ընտրությունների փիլիսոփայությունը բոլորովին տարբեր է։ Այո, մենք չենք մասնակցում եւ պատճառաբանել ենք, որ այսօր գոյություն ունեն ավելի կարեւոր, արդիական խնդիրներ, բայց, դրանով հանդերձ, չենք փնովում մասնակից ուժերին։ Մեզ համար առաջնային խնդիրը եղել եւ մնում է պետության, եթե կուզեք՝ համահայկական հարցերը»: Բայց քարոզարշավի ընթացքից պարզ դարձավ, որ երեւանցիներին ոչ այնքան քաղաքային հարցերն են հետաքրքրում, որքան Արցախի, անվտանգության։ «Այո, կարող եք ասել նաեւ, որ Երեւանն էլ է, չէ՞, մտնում այդ խնդիրների մեջ, բայց եկեք լինենք ճշմարիտ, որ քայլերի, գործողությունների առումով քաղաքային իշխանությունը չունի լծակներ, դիցուք, ազդելու Արցախի հետ կապված գործընթացների վրա։ Այլ հարց է, որ որոշ ուժեր այդ ընտրությունները դիտարկում են զուտ քաղաքական եւ փորձում են ճարտարապետություն կառուցել։ Իրականում այն, ինչ կատարվում է  Հայաստանի ու Արցախի շուրջ, ընդհանրապես չի խաչվում այն գործընթացի հետ, որը մենք տեսնում ենք քաղաք Երեւանում։ Ինչ ուժ ուզում է լինի, ինչ արդյունք էլ գրանցի, համապետական փիլիսոփայությունը չի որոշվում մայրաքաղաքի ընտրությունների արդյունքներով, սա մարդկանց հոգեբանությունն է, սրանք քաղաքագիտական կանոններ են: Այո, որոշ ուժեր կարող են մուտք գործել դաշտ, առհասարակ՝ աշխարհում էլ է այդպես, նոր կուսակցությունները դաշտ են մտնում ՏԻՄ ընտրությունների միջոցով, որովհետեւ խնդիր ունեն իրենց հնչեցնել, ցույց տալ, սակայն փորձը ցույց է տվել, որ համապետականի ժամանակ նրանք չեն ձգում ո՛չ ֆինանսապես, ո՛չ ընկալման առումով: Սա նորմալ պրակտիկա է»։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights