Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:
Այս մասին առաջիններից մեկը հայտնել է ՌԴ բնական պաշարների նախարարության ղեկավար և ԿԺԴՀ-ի հետ առևտրի, տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Կոզլովը։ ով Ընին դիմավորող պատվիրակության կազմում է եղել:
Հանդիպումը տեղի է ունեցել Պրիմորսկի երկրամասի Տումաննայա գետի վրայով անցնող կամրջի վրա՝ ԿԺԴՀ-ի հետ սահմանին։ Գնացքի հատուկ կահավորանքի և ներսում գտնվող մեքենաների դուրս բերման համար Վլադիվոստոկ կայարանում ելքը հրատապ կարգով մեծացրել են:
Նախարարը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Կիմ Չեն Ընը դուրս գալիս իր սեփական զրահապատ գնացքից, երբ կառամատույցում զինվորական նվագախումբ է նվագում։
Արարողությունից հետո բանակցություններ են տեղի ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդի և Պրիմորյե նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյի և բնական պաշարների նախարարության ղեկավարի միջև։
Ինչպես երեկ հայտնել է Կրեմլը, այցի շրջանակներում Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի բանակցություններ տեղի կունենան ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված կազմով։ Դրանց կմասնակցի նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Բացառիկ իրադարձություն
Կիմ Չեն Ընի այցի ամբողջական օրակարգն ու հանդիպումների մանրամասները հայտնի կդառնան մի քանի օրվա ընթացքում, դրանց մի մասն այդպես էլ գաղտնի կմնա, սակայն ինչպես շաբաթներ շարունակ քննարկվում և նշվում է, Ընը Ռուսաստան է ժամանել կարևոր գործով, որի մասին պաշտոնական օղակներով այդպես էլ չի նշվում, լուրի իսկությունը չի հաստատվում:
Բանն այն է, որ դեռ ամիսներ առաջ՝ այս տարվա մարտին ԱՄՆ-ը հայտարարեց, որ ունի հետախուզական տեղեկատվություն, որ Ռուսաստանը պատրաստվում է պատվիրակություն ուղարկել ԿԺԴՀ՝ Հյուսիսային Կորեայի ռեժիմին առաջարկելու սնունդի հսկայական պաշար, որը ԿԺԴՀ-ին խիստ անհրաժետ է: Երկրին խիստ անհրաժեշտ այս գործարքը, ըստ ամերիկյան կողմի ինֆորմացիոն հոսքի, լինելու է զենքի դիմաց, որը Մոսկվային պակասում է պատերազմի շարունակության համար: Հյուսիսային Կորեան, ինչպես հայտնի է, բախվում է սննդամթերքի խիստ պակասի, որն ավելի է սրվել սահմանների փակման և երկրի միջուկային ծրագրի պատճառով միջազգային խիստ պատժամիջոցների պատճառով:
Հարկ է նկատել, որ Կիմ Չենի այցն ինքնին բացառիկ իրադարձություն է, քանի որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը բացառիկ ղեկավարներից է, որ երկրի սահմանները լքում է եզակի դեպքերում և պետության համար խիստ անհրաժեշտ կարևոր գործարքների ու հանդիպումների համար միայն: Սեփական երկրում ևս Ընն ընդունում է պատվիրակություներ՝ բացառիկ դեպքերում:
Սա Հյուսիսային Կորեայի առաջնորդի առաջին միջազգային ուղևորությունն է ավելի քան չորս տարվա ընթացքում և նաև առաջինը կորոնավիրուսային համավարակից հետո։
Զենքի մատակարարման մասին քննարկումները չեն դադարում
ԱՄՆ-ում համոզված են, որ Կիմ Չեն Ընն ու Պուտինը պատրաստվում են քննարկել ռուսական բանակին հյուսիսկորեական զինամթերք մատակարարելու հարցը։
Հուլիսի վերջին Սերգեյ Շոյգուն այցելել էր Փհենյան։ Հետո նա հայտարարեց Մոսկվայի և Փհենյանի միջև ռազմական կապերի ամրապնդման մասին՝ Հյուսիսային Կորեան անվանելով Ռուսաստանի կարևոր գործընկեր։ Այնուհետև Հյուսիսային Կորեայի առաջնորդը ցույց է տվել ԿԺԴՀ-ում արտադրված զենքերը, մասնավորապես՝ երկու անօդաչու թռչող սարք և բալիստիկ հրթիռ:
Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման պայմանագիր կնքել։ Նրա խոսքով՝ Փհենյանը կարող է Մոսկվային զինամթերք, բազմակի հրթիռային համակարգեր և փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ առաջարկել։
«Այս ամենը կօգնի Մոսկվային հետ մղել Կիևի հակահարձակումը»,- նշել է հրատարակությունը։ Ի պատասխան՝ Ռուսաստանը կարող է ԿԺԴՀ-ին հացահատիկ, նավթ, ռազմական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսական անհրաժեշտ պարեն և փող առաջարկել արտարժույթով, ասվում է հրապարակման մեջ:
Հյուսիսային Կորեայի զենքերը կարող են օգնել Ռուսաստանին Ուկրաինայում մարտերում, սակայն դրանք, հավանաբար, այնքան զարգացած չեն, որպեսզի փոխեն պատերազմի ընթացքը, գրում է Bloomberg-ը։
Հյուսիսային Կորեան ունի հրետանային արկերի և չկառավարվող հրթիռների զգալի պաշարներ, որոնք կարող են օգտագործվել խորհրդային ժամանակաշրջանի ռազմական տեխնիկայի հետ՝ Ուկրաինայի վրա անկանոն հարձակումներ իրականացնելու համար, նշում է գործակալությունը։
Վաղեմի համագործակցություն
Փհենյանը հերքում է Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու ԱՄՆ-ի մեղադրանքները։ Ռուսաստանի իշխանությունները հավատարիմ են նույն վարկածին:
Առաջին հաղորդագրությունները, որ Ռուսաստանը ԿԺԴՀ-ից հրետանային արկեր և հրթիռներ է գնել, հայտնվեցին մեկ տարի առաջ։
Հյուսիսային Կորեայի զինամթերքը կօգնի ժամանակ շահել Ռուսաստանի համար՝ սեփական արդյունաբերությանը հնարավորություն տալով հասնել պահանջվող քանակին, նշում է Bloomberg-ը։
Փաստն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունն այժմ քիչ դռներ ունի, որոնք կարող է թակել, քանի որ գտնվում է աշխարհի մի զգալի հատվածի կողմից միջազգային մեկուսացման մեջ: Ի դեպ, Հյուսիային Կորեան էլ այս առումով լավագույն դիրքերում չէ, քանի որ միջուկային ծրագրերի պատճառով տարիներ ի վեր գտնվում է պատժամիջոցների հսկայական բեռի տակ: Հենց վերջին շրջանում ռուսական դիվանագիտությունը շատ ակտիվորեն փորձում է թակել չեզոք դիրքում մնացած տարբեր ուղղությունների՝ Աֆրիկայի և ԿԺԴՀ-ի դռները:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը վերջին անգամ ՌԴ՝ Վլադիվոստոկ էր եկել 2019 թվականի ապրիլին։ Այդ այցը նրա առաջին այցն էր Ռուսաստան՝ 2011 թվականին պաշտոնը ստանձնելուց հետո և դարձել է վերջին պաշտոնական այցը մինչ հիմա:
Ինչու՞ գնացքով, ոչ թե ինքնաթիռով
Ինչպես Հյուսիսային Կորեայի առաջնորդների վաղեմի պրակտիկան է թելադրում, Կիմի շքեղ զրահապատ գնացքը ճանապարհին անցկացրել է ավելի քան 20 ժամ՝ դանդաղորեն անցնելով մոտ 1200 կմ:
Գնացքը շարժվել է բավական դանդաղ՝ մոտ 50 կմ/ժ արագությամբ, քանի որ երկաթե զրահապատումը բավական ծանր է, բացի այդ՝ հարկ է հաշվի առնել Հյուսիսային Կորեայի երկաթուղային ցանցի առանձնահատկությունները, որը չի կարելի ժամանակակից անվանել։
Գնացքը կոչվում է Taeyangho. սա կորեերեն «արև» բառն է և միևնույն ժամանակ խորհրդանշականորեն վերաբերում է ԿԺԴՀ-ի հիմնադիր Կիմ Իր Սենին:
ԿԺԴՀ-ի առաջին ղեկավար Կիմ Իր Սենը` Կիմ Չեն Ընի պապն է դրել զրահապատ գնացքով ճանապարհորդելու ավանդույթը: Իհարկե, այդ գնացքները խնամքով հսկվում են: Անվտանգության անձնակազմը ստուգում է երթուղիները և կայանները ռումբերի և ցանկացած այլ սպառնալիքի համար: Գնացքում կա շքեղ ռեստորան՝ կորեական, չինական, ճապոնական, ռուսական ու ֆրանսիական խոհանոցի առաջարկներով, իսկ գինիները բերված են Փարիզից:
Ի դեպ, Կիմ Չեն Ընի պապին Իոսիֆ Ստալինն է զրահապատ գնացքը նվիրել։ Սկզբում դրանք սովորական խորհրդային արտադրության վագոններ էին, որի հատակը զրահապատ էր։ Հետո վագոնները արդիականացվել են Ճապոնիայում։
Հաղորդվում է, որ Կիմ Չեն Ընի հայրը՝ Կիմ Չեն Իրը, ով ղեկավարել է Հյուսիսային Կորեան 1994 թվականից մինչև իր մահը՝ 2011 թվականը, գնացքով է երթևեկել տարբեր երկրներ, քանի որ վախենում էր թռչելուց:
Կիմ Չեն Ընը, սակայն այդ վախերը չունի, նա քանիցս ճանապարհորդել է անձնական ինքնաթիռով: Զրահապատ գնացքը, սակայն, նախընտրելի է, քանի որ պատրաստված է նորագույն նյութերից, որոնք այն անտեսանելի են դարձնում ամերիկյան արբանյակների և հետախուզական ինքնաթիռների համար։ Գնացքի վերին հատվածն ունի հատուկ ծածկույթ, որը պատրաստված է գաղտնի տեխնոլոգիայի միջոցով: Հետախուզությանը խաբելու համար ԿԺԴՀ-ն օգտագործում է նաև կեղծ կրկնօրինակ գնացքներ:
Զրահապատ գնացքում է նաև Կիմ Չեն Ընի զրահապատ լիմուզինը և ևս 2 մեքենա:
Բացի գնացքներից, Քիմը ճանապարհորդում է նաև այլ տրանսպորտային միջոցներով, որոնք կահավորված են գերշքեղությամբ, ինչը այնքան էլ չի համապատասխանում Հյուսիսային Կորեայում տիրող ծայրահեղ աղքատությանը։
Բաց մի թողեք
Թուրքիայում սպանված են գտել ռուս ակտիվիստին
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում թռիչքներ
Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել