September 24, 2023

Աներևեկայելի Նոբուն. Լուսանկարներ

«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկեց իր աշնանային համերգաշարը աշխարհահռչակ ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի (Նոբուի) մենահամերգով։

Ի ծնե կույր, աստվածատուր այդ դաշնակահարը եկել էր Երևան՝ մեզ անքննելիորեն համոզելու, որ իր մասին Վալերի Գերգիևի խոսքը բնավ էլ չափազանցություն չէ: Իսկ Գերգիևն ասել է. «Նա ոչ միայն մեծագույն երաժիշտ ու աստղ է, այլ նաև վառ ապացույցն այն բանի, որ մարդկային հնարավորությունները գրեթե սահմաններ չունեն»:

Нет описания.

Արամ Խաչատրյան համերգասրահի լեփ-լեցուն դահլիճը հոտնկայս ծափերով էր արձագանքում աներևակայելի Նոբուի յուրաքանչյուր կատարմանը. Լյուդվիգ վան Բեթհովեն, Ֆերենց Լիստ, Մորիս Ռավել, Նիկոլայ Կապուստին և բիս կատարումների մի ողջ փունջ, որ վիրտուոզ դաշնակահարը նվիրեց հայաստանյան հանդիսատեսին՝ իբրև փոխադարձ համակրանքի ու փոխըմբռնման առհավատչյա:

Միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր, աշխարհի անհաշիվ պատկառելի դահլիճներ նվաճած երաժշիտն ուղղակի չէր հեռանում բեմից համերգն ավարտվելուց շատ ժամանակ անց: Նա և մեր հանդիսատեսը լիարժեք փոխըմբռնման մեջ էին, և սա իսկապես ոգևորիչ փաստ է:

Нет описания.

Մեր հանրապետությունում կազմակերպվող նման իրադարձությունները մեզ դնում են այն հարթության վրա, որի փափագն ունեն բոլոր գիտակից հայերը: Մեզ չի գոհացնում օտարերկրացի զբոսաշրջիկների աչքում սոսկ թեթև ժամանցի և ռեստորանային-հյուրանոցային բարձրակարգ սպասարկման տարածք ներկայանալու երևույթը, մենք աշխարհին ներկայանալու այլ արժանիքներ ունենք, որոնցից մեկն էլ «Երևանյան հեռանկարների» կազմակերպած այսօրինակ համերգներն են: Եվ ուրախալի էր հանդիսատեսի շարքերում տեսնել Նոբույուկի Ցուջիի հայրենակիցներին, որոնց դեմքերից թափվում էին ինքնաբավ ժպիտները:

Այսպես են կառուցվում կամուրջները քաղաքակիրթ աշխարհի մշակութային հանրույթների միջև, որոնց կարիքն այնքա՜ն ունենք այսօր:

Нет описания.

Նոբուի գերմարդկային հատկանիշներն ուղղակի կախարդել էին ունկնդրին: Ու առավել ցնցող էր նրա օրգանական կապվածությունը դաշնամուրի հետ: Երբ նրան ուղեկցող տղամարդը խարխափուն քայլերով ու զգույշ Նոբուին բերում էր մինչև Արամ Խաչատրյան համերգասրահի բեմի կենտրոնում տեղադրված ռոյալը, բոլորը շունչները պահած սպասում էին, թե երբ է երեսունհինգամյա հանճարը հպվելու գործիքին, որովհետև այդ հպումից մինչև իր բացառիկ տեխնիկայով ու զգացմունքայնությամբ կատարվող ստեղծագործության ավարտը նա ոչ թե կույր էր, այլ բացարձակ տեսնող, կարելի է ասել՝ տեսանող՝ պայծառատեսի ինքնավստահությամբ:

Իսկ ինչպիսի՜ նրբանկատությամբ էր նա ընդունում իրեն նվիրվող ծաղիկները: Սա ևս մի առանձին արարողակարգ էր:

Մեզ հայտնի դասական ստեղծագործություններից բաղկացած ծրագիրն ավարտվեց անսպասելի կատարումով՝ Նիկոլայ Կապուստին, 8 կոնցերտային էտյուդ, երկ 40:

Нет описания.

Այս կոմպոզիտորն ինքն էլ երաժշտական աշխարհի լեգենդներից է, որի մասին անվանի արվեստաբան, գրող, ջութակահար Միխայիլ Կազինիկն ասել է. «Կան մարդիկ, որոնք իրենց վրա պատասխանատվություն են վերցնում լինելու օտար՝ յուրայինների մեջ և յուրային՝ օտարների: Ի՞նչ է դա նշանակում: Ահա՛ թե ինչ. ջազ երաժիշտները Կապուստինի երաժշտությունը համարում են ոչ լիարժեք ջազային, դասականները նրան համարում են ոչ լիովին դասական: Ուրեմն պետք է իմանան, որ այդպիսի երաժիշտները կրում են ճակատագրի հավերժականության դրոշմը»: Ճակատագրի հավերժականության դրոշմը կրող կոմպոզիտորի ստեղծագործությունը այդ դրոշմը կրող մեկ այլ երաժշտի՝ Նոբուի կատարմամբ պարզապես պայթեցրեց դահլիճը: Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի այդ օրվա հանդիսատեսը երկար ժամանակ կլինի իր ապրած մշակութային խանդավառության ելևէջներում:

Нет описания.

Նշենք, որ «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնն այսօրինակ հաղթարշավով նախապատրաստվում է իր հոբելյանական՝ 25-րդ փառատոնին, որը կմեկնարկի ընդամենը ամիսներ անց՝ մեզ ընծայելով երաժշտական նոր անակնկալներ աշխարհի մեծանուն երաժիշտների կատարմամբ:

Աղբյուրը՝ Ardi.am

Нет описания.

%d bloggers like this:
Verified by MonsterInsights