September 22, 2023

ԼՂ մուտք գործած ռուսական բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ․ վարչապետ

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ–ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը։

«Իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված, Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժը Հայաստանի պետական սահմանի և ԼՂ շփման գծի երկայնքով։ Հումանիտար իրավիճակը ԼՂ–ում ծայրահեղ ծանր է։ Նախորդ օրը Ասկերանով ԼՂ մուտք գործած մեկ բեռնատար ռուսական բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ։ ՀՀ–ի և Ֆրանսիայի հումանիտար բեռների մի մասը 22 բեռնատարերով շարունակում են ԼՂ մուտքի հնարավորության սպասել։ Բեռների մեկ ուրիշ, ավելի մեծ քանակություն գտնվում է մերձակա հատվածում» ,– ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին։ Ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռների մուտքը ԼՂ և հետագա մատակարարումները ապահովելու համար։ Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ընդգրկված են ԼՂ ներկայացուցիչները։

«Պետք է հուսալ, որ Բաքու–Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ կստեղծվի և մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավել նման գործընթացների մեջ։ Տեղեկացնեմ նաև, որ ՀՀ–ն ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները ՀՀ–ի հետ խաղաղության պայմանգրի տեքստի վերաբերյալ, մենք կաշատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,– նշեց նա։

Կառավարության ղեկավարը ընդգծեց՝ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, և այն միակ լուծումնն է, որ երաշխավորում է մեր երկրների տարածքային ամբողջականությունը, ինքիշխանությունն ու անկախությունը, անվատանգությունը, ինչ անհրաժեշտ և ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար։ Այսօր նաև այս իմաստով հրատապ է ԼՂ հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ կշարունակվի ձեռնարկվել բոլոր հնարավոր միջոցները։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights