Առնո Բաբաջանյան համերգասրահում բազմաբովանդակ ու հետաքրքիր համերգ էր։ Ելույթ էին ունենում վրաց ֆեյտահար Նանուկա Գոլիաձեն ու դաշնակահար, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Հովհաննես Մանուկյանը։ Նրանք՝ ի թիվս այլոց կատարեցին նաև վրաց կոմպոզիտոր Օթար Տատիշվիլու Ադաջիո ստեղծագործությունը, իսկ համերգին հարևան Վրաստանի հանրապետությունից հյուրընկալվել էր նաև հեղինակը։ Առիթից օգտվելով, կարճ զրույց ունեցանք Օթար Տատիշվիլու հետ։
Պարոն Տատիշվիլի, ինչ է զգում կոմպոզիտորը, երբ բեմում հնչում է իր ստեղծագործությունը։
Ես նույն կերպ հուզվում եմ, անհանգստանում, ինչպես կատարող երաժիշտները։ Երբ ստեղծագործությունը շատ հայտնի է, ինչպես օրինակ Բեթհովենի գործերը ու երբ վատ են նվագում, բոլորը գիտեն այն ու հասկանում են, որ հրաշալի կոմպոզիցիան ինչպես փչացրեցին, իսկ երբ նոր ստեղծագործություն է, այն կատարելու լավ կամ վատ կողմերը կարող է նկատել միայն հեղինակ – կոմպոզիտորը։ Մանավանդ, երբ առաջին անգամ է կատարվում ու հանդիսատեսից ոչ ոք չի լսել այն։ Իհարկե, յուրաքանչյուր կոմպոզիտորի համար կարևոր է, որ իր ստեղծած երաժշտությունը հրաշալի կատարվի, հանդիսատեսն էլ սիրի այն, ինչին ներկա եղանք այսօր։
Ադաջիոն թերևս շատ անգամներ է կատարվել Թբիլիսիում, իսկ Երևանում առաջին անգամ էր արդյոք։
Այո, Թբիլիսիում շատ է կատարվել, հնչել։ Նանուկան էլ է նվագել Թբիլիսիում, սակայն այլ դաշնակահարների հետ։ Այսօր Հովհաննեսն ու Նանուկան պետք է նվագեին նաև իմ մեկ այլ ստեղծագործություն՝ Սոնատան, որի պրեմիերան պիտի լիներ, սակայն չգիտեմ՝ ինչ-ինչ պատճառներով, այն չկայացավ։
Ձեզ բավարարեց Հովհաննեսի ու Նանուկայի Ադաջիոյի կատարումը Երևանում։
Հովհաննես Մանուկյանը հրաշալի երաժիշտ ու դաշնակահար է, միջազգային մակարդակի։ Մենք ընկերություն ենք անում, նա իմ շատ ստեղծագործություններ է նվագել և՛ Թբիլիսիում, և՛ Երևանում։ Նա և ջազ է նվագում, և երգեհոն ․․․ Նրան պետք է միշտ առաջ հրել, որովհետև Հովհաննեսը դրան արժանի է, միջազգային ասպարեզում կպարծենան նրանով։
Հովհաննեսի հետ մեր ընկերության արդյունքում նա ծանոթացավ ֆլեյտուհի Նանուկա Գոլիաձեի հետ, ով նաև իմ սանիկն է։ Մենք միասին ներկա եղանք նրա համերգին, Հովհաննեսն էլ շատ հավանեց, որի արդյունքում էլ ծնվեց այս համերգը։
Պարոն Տատիշվիլի, Դուք լինելով ժամանակակից կոմպոզիտոր, ինչ եք կարծում, դարեր ի վեր դեռ ամբողջ երաժշտությունը չի գրվել, ինչպես պոեզիայում, գրականությունում առհասարակ, գեղանկարչությունում, արվեստի բոլոր ճյուղերում։
Ոչ իհարկե։ Ժամանակների մեջ գուցե շատերն են մեզ հիացնում, սակայն մարդկային երևակայությունը սահմաններ չի ճանաչում, մարդը կարող է ստեղծել ամեն ինչ, նրա մտքի թռիչքն անսահման է։ Ինչ էլ գրվել, արտասանվել, նկարվել է ու դեռ այդ բոլորը ստեղծագործվում է աշխարհում, կապված է մարդու տաղանդի հետ։ Առհասարակ՝ անհատականությունները կարող են մեծ շրջադարձեր կատարել, այդպես է եղել նաև պատմության մեջ, ինչպես գեղանկարչությունում Մոնեն, ով ստեղծեց նոր ուղղություն, այդպես է նաև արվեստի բոլոր ճյուղերում։
Մյուս կողմից, այո, երբ շատ բան է արդեն ստեղծվել աշխարհում, գուցե երբեմն դժվար է արժանի որևէ նոր բան ստեղծելը, սակայն ավելի պատասխանատու է ու գնահատելի, երբ որակյալ արվեստ է ստեղծվում։ Այն պետք է գնահատել, հատկապես մեր տեխնոլոգիական զարգացումների ժամանակահատվածում։
Զրուցեց՝ Սիմոն Սարգսյանը
Բաց մի թողեք
Մի ուրացեք ձեր եղբորը
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հետաձգում է ներկայացումները
Թանկյանը՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների մասին