Արդարադատության նախարարությունը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասով գործընթաց է սկսել։ Երեկ նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ 07.08.2023 թվականին ծառայողական քննություն է սկսել:
Քննության արդյունքները դեռ չկան։ Իսկ ի՞նչ դեպքի մասին է խոսքը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության արդեն նախկին պետ Սերգեյ Ատոմյանի հեռացումը առաջին հերթին կապված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Մասնավորապես, գրել էինք, որ օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել են Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով: Տոնոյանին ուղեկցող ծառայողները կապ են հաստատել Սերգեյ Ատոմյանի հետ՝ թույլտվություն ստանալու համար:
ՔԿՀ պետը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա։ Ասել է թե՝ նախարարությունում ստուգում են, թե ինչպես է կալանքի տակ գտնվող նախկին նախարարը գնացել տուն։ Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սերգեյ Ատոմյանն ազատվեց Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականի սեպտեմբերի 15-ից։ Ի դեպ, դեռեւս ՔԿ ծառայության պետի պաշտոնը դատարկ է, ու չեն կարողանում թեկնածու գտնել։
Բաց մի թողեք
Ինչպես են արցախցիները տուն փնտրում․ Արձակեց շանը, բաց թողեց ձիուն, մի լավ լաց եղավ ու ճամփա ընկավ
Ինչ է սպասվում Երևանի քաղաքապետարանում, ով կդառնա քաղաքապետ
Եթե իշխանությունները խելք ունենան, այդ հարցը կօգտագործեն. Պողոսյան