September 22, 2023

Կարեն Անդրեասյանը Գրիգոր Մինասյանի համար գործ է փնտրում

Դատավորներ-Բարձրագույն դատական խորհուրդ հակասությունները գնալով խորանում են․ դատավորները ոչ միայն ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի քմահաճույքներն են հրաժարվում բավարարել, այլեւ չեն ցանկանում գործիք դառնալ ԲԴԽ-ականների ձեռքին։

Հրապարակ թերթը գրել է․ Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի դատավորի 4 հաստիք ամիսներ շարունակ թափուր է, եւ ԲԴԽ-ին որեւէ կերպ չի հաջողվում դրանք համալրել, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնը դատավորի կարիերայի գագաթնակետը կարելի է համարել, այսինքն՝ բարձր եւ պատվաբեր պաշտոն է, որին հավասար գուցե միայն ՍԴ դատավորի պաշտոնը լինի․ վճռաբեկի դատավորները ոչ միայն արդարադատություն են իրականացնում, այլեւ իրավաստեղծ գործունեություն են ծավալում, սակայն դատավորները գործող իշխանությունների օրոք հրաժարվում են այդ բարձր պաշտոնները համալրելուց՝ մանավանդ իմանալով, որ, ամեն դեպքում, Կարեն Անդրեասյանն ու ԱԺ ՔՊ-ական մեծամասնությունն իրենց թեկնածուին են ընտրելու, ինչը մեկ անգամ չէ, որ ապացուցել են ԱԺ իշխող խմբակցության ներկայացուցիչները, իսկ իրենք՝ թեկնածուները, փաստորեն, կստացվի, որ «օգտակար ապուշի» դեր են ստանձնում` լեգիտիմացնելով ՔՊ-ի թեկնածուի ընտրվելը։

Այս պահին թափուր է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի՝ 2, քրեական պալատի՝ 1, եւ հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցագործությունները քննող կազմի 1 դատավորի թափուր պաշտոն։ Քաղաքացիական պալատի այս թափուր պաշտոններն առաջացել են, երբ բազմափորձ դատավորներ Տիգրան Պետրոսյանի եւ Արտակ Բարսեղյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրեց, քրեական պալատի թափուր հաստիքն առաջացել է, երբ քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը տեղափոխվեց հակակոռուպցիոն պալատ եւ ընդգրկվեց կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմում։ Իսկ հակակոռուպցիոն պալատի թափուր հաստիքը գոյացել է դատավոր Կարեն Բիշարյանի հրաժարականից հետո։

Ավելի վաղ գրել էինք, որ, մեր տեղեկություններով, վճռաբեկի քաղաքացիական պալատի դատավորի տեղի համար պայքարում են ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանն ու Նաիրա Հովսեփյանը, իսկ քրեական պալատի թափուր հաստիքը ցանկանում է զբաղեցնել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Դավիթ Խաչատուրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը, ում համար տեղ ազատեցին` Ելիզավետա Դանիելյանին ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան, քանի որ եղբայրներից մեկը չէր կարող աշխատել Հակակոռուպցիոն կոմիտեում, մյուսը` Հակակոռուպցիոն դատարանում։ Դա շահերի ակնհայտ բախում կլիներ։

Այս հաստիքները համալրելու համար ԲԴԽ-ն դեռեւս հուլիսի սկզբներից մրցույթների վերաբերյալ հայտարարություն է տարածում, որպեսզի պաշտոնեական առաջխաղացման ձգտող դատավորներն ու իրավաբանները դիմեն եւ մասնակցեն մրցույթին, սակայն ամեն անգամ ԲԴԽ-ն թարմացնում է իր իսկ տարածած հայտարարությունները, իսկ դիմողներ չկան` բավարար թվով թեկնածուներ չեն առաջադրվում։ Նշենք, որ Դատական օրենսգրքի 132-րդ հոդվածի 8-րդ մասը պահանջում է, որ 1 թափուր հաստիքի համար առնվազն 3 հոգի պետք է դիմեն, որպեսզի մրցույթն իրավազոր լինի, փաստորեն, ԲԴԽ-ին չի հաջողվում իր ուզած թեկնածուների համար «շոգեքարշ» ապահովել` եւս 2 թեկնածուի համոզել, որ առաջադրվեն։ Նշենք, որ, ըստ օրենքի, սահմանված կարգով առնվազն երեք թեկնածու չդիմելու դեպքում դիմում ներկայացնելու ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում կրկին հայտարարություն է տրվում: Վերջին անգամ ԲԴԽ-ն լրացուցիչ հայտարարություններ է տարածել սեպտեմբերի 11-ին եւ, ըստ ամենայնի, կշարունակի տարածել։

Բացի այդ, ըստ օրենքի, դիմել կարող են ոչ միայն դատավորները, այլեւ իրավաբան-գիտնականները, որոնք ունեն գիտական աստիճան, 8 տարի բուհում իրավագիտություն դասավանդելու կամ վերջին 12 տարում մասնագիտական աշխատանքի 10 տարվա փորձ։ Այսինքն՝ ոչ միայն դատավորները չեն դիմում, այլեւ իրավաբանները, քանի որ նրանց համար եւս ակնհայտ է, որ ՔՊ-ն, միեւնույն է, ընտրելու է յուրայիններին։

Ինչ վերաբերում է յուրայիններին․ մենք գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից, եւ, ամենայն հավանականությամբ, Մինասյանը մոտ ժամանակներս պաշտոնանկ կարվի, եւ սրա ֆոնին արդեն իսկ լուրեր են տարածվում, որ Կարեն Անդրեասյանն իր սիրելի ընկերոջ համար նոր աշխատանքի փնտրտուքների մեջ է եւ, ասում են, արդեն իսկ հարմար տարբերակ է գտել՝ Գրիգոր Մինասյանին տեսնում է Վճռաբեկ դատարանի դատավորի դերում։ Այսինքն, ինչպես ինքը՝ Անդրեասյանը, գեթ մեկ օր դատավոր չաշխատելով դարձավ ԲԴԽ նախագահ եւ սկսեց դատավորներին դատել ու պաշտոնանկ անել, այդպես էլ Գրիգոր Մինասյանը, ոչ մի օր դատավոր չաշխատելով, կարող է դառնալ Վճռաբեկ դատարանի դատավոր։ Մինասյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, 2003-ից արդարադատության նախարարության ենթակայության ներքո գործող տարբեր կառույցներում ու մասնավոր կազմակերպություններում իրավաբանի աշխատանք է կատարել, այսինքն՝ եթե մտքներին դնեն, ապա 10 տարվա աշխատանքային փորձը կապահովվի։ Մնում է միայն, որ Գրիգոր Մինասյանի հետ մեկտեղ եւս 2 հոգի դիմեն նույն պաշտոնի համար, որպեսզի ԱԺ ՔՊ-ական մեծամասնությունը կարողանա ընտրել Գրիգոր Մինասյանին։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights