September 22, 2023

Շրջադարձ դեպի քաղաքակիրթ աշխարհ. Վարդապետյան

Ռուս-ադրբեջանական դաշինքի ճնշումների ներքո, 5-րդ շարասյան ջանքերով Արցախում իրականացված հեղաշրջումից քաջալերված` սաստկացել են ջանքերը նաև ՀՀ-ում նմանատիպ արդյունքի հասնելու, անգամ տարածքային ամբողջականության խախտման և ինքնիշխանության տապալման գնով։

Մեր քաղաքական-քաղաքացիական բարձր գիտակցության և հասունության դրսևորման, համախմբման, լեգիտիմ իշխանությանը աջակցելու, շատ ու շատ տգետ, այլասերված իշխանավորներից զայրույթն ու հիասթափությունը զսպելու ամենապատասխանատու պահն է։ Կոնկրետ քայլերի և գործողությունների, քրեական օրենսգիրքը ողջ խստությամբ գործի դնելու, ինքնիշխանությունը և պետականությունը ցնցումների ուղղորդող տարրերին օրենքի ողջ խստությամբ պատժելու, ռուս-թաթարական գործակալներին անցանկալի անձ հայտարարելու, ներսում «մաքրություն», կարգ ու կանոն հաստատելու ժամանակն է։

Ուժի ցուցադրումը, կարգ ու կանոնի հաստատումը ժողովրդավարության ամրապնդում է, այլ` ոչ հակառակը։ ՀՀ-ում շատ ճոխ ու բազմադեմ է ներկայացված 5-րդ շարասյունը (նախկին նախագահներ, վեհափառ-փառահեղներ, զառամյալ ու նորածին գործակալներ), պարարտ հող է ստեղծված ռուս-թաթարական ցնցումների համար։

Ուստի ազգովին պատրաստ լինենք դիմակայելու ռուսական ամենատարբեր սադրանքներին։ Անհասկանալի ու անիրատեսական էր խոսել խաղաղության դարաշրջան մտնելու մտադրության մասին, երբ «ռազմավարական դաշնակիցդ» քո տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամենամեծ սպառնալիքն է ու խաղաղության թշնամին։

Ուրեմն, միմիայն քաղաքակիրթ աշխարհի հետ դաշնակցած՝ կարող ենք մտածել խաղաղության դարաշրջանի մասին, մնացածը ինքնախաբկանք է։ Նույնքան անհեթեթ էր մտածել, որ ոչ քաղաքակիրթ ու բռնակալական պետությունների շարքում կարելի էր գոյատևել և անգամ զարգացնել մեր ժողովրդավարական ձգտումներն ու արժեքները։ Հուսանք, որ դեպի Արևմուտք ուղղված քայլերը իշխանությունն արեց ժամանակին, նախապես ապահովելով անհրաժեշտ աջակցությունը:

Թեև շատերիս համար ուշացած ու ձգձգված, սակայն իշխանության կողմից միգուցե ավելի իրազեկված ու հաշվարկված։ Քայլ առ քայլ վերանվաճում ենք մեր անկախությունը, անգամ պատերազմի մշտական սպառնալիքի տակ։

Իսկ ահա վերջին քայլերը, որոնք ավելի շատ կբնութագրեի թռիչքներ դեպի քաղաքակիրթ և ժողովրդավար աշխարհ, դառնում են շրջադարձային և անհնարին դարձնում հետքայլի հավանականությունը։ Հետնահանջն այլևս չի ընդունվի, չի հասկացվի և չի ներվի… Իրոք, շրջադարձային էին միջազգային երկու լրատվամիջոցներին տրված հարցազրույցները, միջազգային հանրության համար խիստ ընկալելի և դրական արձագանքների արժանացած, իրատես, հիմնավորված և փոխլրացնող, չկար նահանջի ու հետքայլի տեղ։

Այս երկու հարցազրույցներն ավելին արժեին, քան մի քանի տարվա երկարաշունչ մամլո ասուլիսներն ու հարցազրույցները։

Ես հատկապես կարևորում եմ Աննա Հակոբյանի հումանիտար, իրականում քաղաքական (անգամ գերքաղաքական ու վերքաղաքական) այցը Կիև, թեև տարրական տրամաբանությունը հուշում է, որ այն նշանակալից ու շրջադարձային է լինելու անկախ պետականության պահպանման ու ամրապնդման գործում։ Լավ է ասված, գազը և անկախությունը նույն նժարին դնել չենք կարող։

Այո՛, անկախությունը կյանք ու ծնունդ է, հող ու ջուր է, ժողովուրդ ու ազգ է, արժանապատվություն ու հպարտություն է, գոյության և հարատևության երաշխիք է, անվտանգության ու խաղաղության պայման է…

Անկախությունը անկախության երաշխիք ու պայման է, ամեն ինչ է, անքննելի ու անսակարկելի։

Ով դեմ է անկախությանը, դեմ է իր ազգին, ժողովրդին, ծնողին ու զավակին, ինքն իրեն…

Բժիշկ, հասարակական գործիչ; Վահան Վարդապետյան

%d bloggers like this:
Verified by MonsterInsights