October 4, 2023

Փորձ է արվել Իրանից ցեմենտի պարկերով չհայտարարագրված ծխախոտի խոշոր խմբաքանակ տեղափոխել Հայաստան․ Տեսանյութ

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անզիջում պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտների անօրինական ներմուծման դեմ։ 

Այս մասին հայտնում են ՊԵԿ հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։

Մասնավորապես, Մեղրիի մաքսակետ ժամանած բեռնատարի վարորդի խցիկի զննման արդյունքում հայտնաբերվել է 880 տուփ չհայտարարագրած ծխախոտ: Մաքսավորների մոտ կասկածներ են առաջացրել, որ ցեմենտով բարձված բեռնատարում հնարավոր է առկա լինի մաքսային հսկողությունից թաքցված մեծ քանակությամբ ծխախոտ։ Մանրակրկիտ մաքսային զննում իրականացնելու նպատակով բեռնատարն ուղեկցվել է Հարավային տերմինալ ՓԲ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ, որտեղ անցկացված հսկողության արդյունքում ցեմենտի պարկերի արանքում հայտնաբերվել է շուրջ 10 հազար տուփ ծխախոտ։

Այսպես, 2023 թվականի հունվարի 1-ից Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցները բացահայտել են Ագարակ պետական սահմանի անցման կետով մաքսային հսկողությունից թաքցման և չհայտարարագրման եղանակով ընդհանուր 47.543 տուփ ծխախոտի ապօրինի տեղափոխման 84 դեպք։ Հարուցվել են վարչական վարույթներ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով։

Ընդգծենք, որ մաքսավորների ուշադրության ներքո է գտնվում նաև կեղծ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ծխախոտների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման կանխումը, այդ թվում՝ որպես անձնական օգտագորմծան ապրանք։ 2023 թվականի ընթացքում Մեղրիի մաքսակետում հայտնաբերված 3 դեպքով Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է ներկայացնել քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու նպատակով։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights