October 4, 2023

Վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ Հրազդանում. վիրավորները հայր ու որդի են

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են եղել Կոտայքի մարզում։

Ժամը 22:50-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «աջ քունքային շրջանի սալջարդ վերք, մարմնի բազմակի սալջարդեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Պարզվել է, որ վերջինս Հրազդան քաղաքի բնակիչ 32-ամյա Տիգրան Խ․-ն է։

Մինչ տեղում ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները, հիվանդանոց է տեղափոխվել «ձախ քունքային շրջանի և աջ ականջի շրջանի սալջարդ վերքեր» ախտորոշմամբ մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ նա Հրազդանի բնակիչ 50-ամյա Գնել Խ․-ն է։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 3-րդ շենքի բակում Հրազդան քաղաքի բնակիչներ 34-ամյա Գարիկ Հ․-ն, 37-ամյա Լևոն Ս․-ն և 36-ամյա Միխաիլ Մ․-ն վիճաբանել են հիվանդանոց տեղափոխված Տիգրան Խ-ի և Գնել Խ-ի հետ, որի ընթացքում՝ հարվածներ հասցրել միմյանց։ Ըստ օպերատիվ տվյալների՝ Լևոն Ս․-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել գետնին, որից հետո նշված անձինք դիմել են փախուստի։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գարիկ Հ-ին, Լևոն Ս-ին և Միխաիլ Մ-ին, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, իսկ դեպքի վայրում հայտնաբերված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան վարել է Գարիկ Հ․-ն։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights