February 23, 2024

Ի՞նչ վիճակ է այս պահին Ստեփանակերտում

Հրետակոծությունն ու հրաձգությունը Ստեփանակերտի շրջակայքում դադարել են։

Ստեփանակերտի բնակչուհի Գայանե Գևորգյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է, որ ժամը 13։00-ից հետո հրետակոծություն կամ հրաձգություն լսելի չէ: «Մարդիկ առայժմ վարանում են դուրս գալ ապաստարաններից, միայն մի մասն է ուղղակի դրսում կանգնել, այսպես ասած՝ մաքուր օդ շնչելու համար»,- հավելել է Գևորգյանը։

Բնակչուհին պատմել է նաև, որ սեպտեմբերի 19-ի երեկոյան իրենց տան հարակից տարածքում արկ է ընկել, և, բարեբախտաբար, կարողացել են փրկվել։ Վնասվել է միայն տունը, որից հետո երեխաների հետ պատսպարվել են համեմատաբար ապահով մեկ այլ առանձնատան նկուղում։

Համացանցում լուսանկարներ են տարածվել, թե ինչպես են Արցախի Հանրապետության քաղաքացիները հավաքվել Ստեփանակերտի օդանավակայանում։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնել են, որ բնակչության շրջանում խուճապային տրամադրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:

Verified by MonsterInsights