September 22, 2023

«Հանրապետություն» կուսակցությանն ընդամենը 50  ձայն է պակասում՝ այդ 1 մանդատն ունենալու համար

Քաղաքական եւ սոցիոլոգիական շրջանակներում շարունակում են քննարկել «Հանրապետություն» կուսակցության տոկոսները։

Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցնենք․ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով՝ Փաշինյանի գործընկեր Արամ Զավենիչի կուսակցությունը 11.32 տոկոս ձայն է ստացել, ինչը, ոմանց կարծիքով, տարօրինակ է, եթե չասենք՝ անհավատալի։ Տեղեկություններ տարածվեցին, որ նրանց օգտին, իրենց արեւմտամետ էլեկտորատից բացի, քվեարկել են նաեւ Հայաստանում գործունեություն իրականացնող կրոնական որոշ կազմակերպություններ, որոնց ժողովրդի շրջանում աղանդ են կոչում: Սակայն իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Զավենիչի օգտին նաեւ ՔՊ-ականներն են ուղղորդել:

Այսպես կոչված՝ ընտրական «տասովշչիկները» շատ դեպքերում, երբ չեն կարողացել քաղաքացիներին համոզել, որ ՔՊ-ին ընտրեն, ասել են՝ գոնե «Հանրապետություն» կուսակցությանն ընտրեք։ Ավելին, վերահաշվարկի գործընթացն էլ, որը երեկ մեկնարկեց, նախաձեռնել են ոչ այնքան այն հույսով, որ ՔՊ-ի մանդատներն են ավելանալու, ինչն աչք ծակող կլինի, այլ «Հանրապետություն» կուսակցությանը: Ընդ որում, եթե ՔՊ-ին մոտ 300 ձայն է պակասել, որ 1 մանդատ եւս ունենա եւ բաղձալի մեծամասնություն ստանա Երեւանի ավագանիում ու կարողանա քաղաքապետ ընտրել, ապա, ըստ որոշ հաշվարկների, «Հանրապետություն» կուսակցությանն ընդամենը 50  ձայն է պակասում՝ այդ 1 մանդատն ունենալու համար, ինչն ավելի իրատեսական է, քան ՔՊ-ին 300 ձայն ավելացնելը: Հիմա հույս ունեն, որ վերահաշվարկով կկարողանան գողանալ այդ մեկ մանդատը եւ լուծել 50+1-ի հարցը։

Հիշեցնենք, որ կիրակի տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ ՔՊ-«Հանրապետություն» կուսակցությունները միասին 32 մանդատ են ստացել, մինչդեռ քաղաքապետ ընտրելու համար 33 է հարկավոր։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights