February 22, 2024

Հնդիկների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքը Երևանում. գործի են դրվել երկաթե և փայտե ձողեր, կոտրել են «Կիա»-ն

Սեպտեմբերի 19-ին Երևանում հնդիկների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքը և գույքի վնասման դեպքն է տեղի ունեցել։

Այդ օրը՝ ժամը 01։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Շարմա Ա․-ից, որը հայտնել է, որ Հասրաթյան փողոցի 29/8 հասցեում հնդիկ քաղաքացիները «իրար սպանում են», և կարիք կա շտապօգնության բժիշկների։

Պարզվել է, որ նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ հնդիկների միջև, ովքեր այնուհետև ձեռքերին եղած երկաթե և փայտե ձողերով ոչ միայն փոխադարձ հարվածներ են հասցրել, այլև վնասել են «Կիա» մակնիշի ավտոմեքենան։

Ոստիկաններին և պարեկներին հաջողվել է նշված վայրից Ոստիկանության Մաշտոցի բաժին տեղափոխել Հնդկաստանի մի քանի քաղաքացիների, իսկ մի քանիսն էլ դիմել են փախուստի։

Դեպքի փաստով Ոստիկանության Մաշտոցի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ կռվի մասնակիցների ամբողջական ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Verified by MonsterInsights