September 26, 2023

Մարդիկ չշնչեն, կարծիք չհայտնեն

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին սկսեց հրետակոծել Արցախի բնակավայրերն ու ՊԲ դիրքերը, անգամ Ստեփանակերտի ուղղությամբ հրետակոծություն եղավ: Ըստ էության, պատերազմ էր սկսվել, որն ընթանում էր Ադրբեջանի հետ ողջ շփման գծով։

Հրապարակ թերթը գրել է․ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց, որտեղ նա նախ գնահատական տվեց Ադրբեջանի քայլերին՝ հերթական անգամ ասելով, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականություն են իրականացնում, ինչպես նաեւ տարակուսանք հայտնեց Ադրբեջանի այն հայտարարության հետ կապված, որ ռազմական գործողությունները, որոնք Ադրբեջանը «Հակաահաբեկչական օպերացիա» է անվանում, տեղի են ունենում ռուսական կողմի հետ համաձայնեցված։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու մի շարք գործիչներ կոչ արեցին ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ճանաչել Արցախի անկախությունը եւ արցախցիներին, որոնք անպաշտպան են ադրբեջանական հարձակումների դիմաց, ռազմական օգնություն հասցնել։

Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան, ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանին հարցրինք, թե իրատեսակա՞ն է, որ Հայաստանն այս փուլում ճանաչի Արցախի անկախությունը եւ արցախցիներին ռազմական ուժով աջակցի։ «Չգիտեմ, չեմ կարող ասել։ Ոչ մի բանակցության չեմ մասնակցել, ոչ մի կոնֆիդենցիալ տեղեկատվության չեմ տիրապետում, այդ ամենն իշխանության ձեռքում է, իշխանությունը պարտավոր է ձեռնարկել ցանկացած միջոց՝ հնարավոր ու անհնար, որպեսզի արյունահեղությունը դադարեցվի։ Սա սպասելի էր, իրենք գիտեին, շատ լավ գիտեին, հանգիստ սպասում էին։ Այնպես որ, ընդդիմությունը կարող է ճարահատ մի բան ասել, Ղարաբաղից կարող են ինչ-որ մի բան ասել, բայց կարեւորն այստեղ նստած իշխանության քայլերն են, վերջապես` իշխանությունը պատասխանատու է։ Մեր բոլոր պահանջները նրանցից պետք է լինեն, թող մեթոդներն ու եղանակներն իրենք որոշեն, իրենք գիտեն, իրենք են հիմա կապի մեջ տարբեր երկրների ղեկավարների, Եվրամիության ղեկավարության հետ, իրենք ամեն ինչ գիտեն։ Պետք չէ նախաձեռնությունները կամ հուսահատ ճիչերը մեկնաբանելու վրա ժամանակ ծախսել, իշխանությունը պարտավոր է ամեն ինչ անել՝ վայրկյան առաջ արյունահեղությունը դադարեցնելու համար»։

Ադրբեջանը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ համաձայնեցված են իրականացնում այդ «հակաահաբեկչական գործողություններ» կոչվածը։ Ռուսական կողմից ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքեց այդ հայտարարությունը՝ ասելով, որ տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ։ Այնուհանդերձ, եղան մեկնաբանություններ, որ Ադրբեջանի այս սանձարձակ վարքագիծը պայմանավորված է նաեւ նրանով, որ Ռուսաստանը վրեժ է լուծում հայերից՝ ՀՀ կառավարության վերջին շրջանի ակնհայտ հակառուսական քաղաքականության համար։

Այս դիտարկմանը  նախկին դիվանագետն արձագանքեց․ «Ինչ բառեր ցանկանում եք, օգտագործեք՝ վրեժ, ստորություն, նենգություն, դրանից վիճակը չի փոխվում։ Իշխանությունը պարտավոր է նաեւ աշխատել իր դաշնակիցների հետ՝ նաեւ Ռուսաստանի հետ սասանված հարաբերությունները նկատի ունենալով: Այդուհանդերձ, հարկավոր է կարեւոր մայրաքաղաքների հետ կապ հաստատել, պայմանները հասկանալ։ Ադրբեջանի հետ այդքան հանդիպում են, այդքան շփվում են, անպայման պետք է Պրահայում կամ Բրյուսելո՞ւմ հանդիպեն, թող հեռախոսը վերցնի ու խոսի․ ասի՝ ինչ է հարկավոր։ Այս ժողովրդական նախաձեռնությունները մեկնաբանելու կարիք չկա, պետք է մեր ամբողջ խոսքն ուղղել իշխանությանը եւ ասել՝ ինչո՞վ օգնենք, ինչի՞ կարիքն ունեք, ի՞նչ եք ուզում»։

Փաշինյանն իր ուղիղ եթերում, ամեն ինչից զատ, նաեւ մտահոգվում էր Հայաստանում քաղաքական ուժերի կողմից «լարվածություններ ստեղծելու» հեռանկարով, այսինքն` իշխանափոխության ուրվականն է նրան անհանգստացնում։ Այս առիթով Սահակյանն ասաց․ «Ի՞նչ է եղել՝ մոտ 100 արցախցիներ, հիմնականում՝ կանայք, գնացել են կառավարության դիմաց։ Այսինքն՝ մարդիկ ընդհանրապես չշնչե՞ն, կարծիք չհայտնե՞ն։ Հետո էլ որ շուռ գան, ասեն՝ դե մենք ի՞նչ անենք, ժողովուրդը թող վեր կենար, մեզնից պահանջեր։ Ամեն ստորության դա ընդունակ է, ամեն ստորության»։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights