December 3, 2023

Դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել նաև ներսից և մեր գործողություններից է կախված անկախությունը. Կոնջորյան

Այսօր մենք ոչ միայն նշում ենք անկախության օրը, մենք ապրում ենք անկախությունը: Ապրում ենք անկախությունը ոչ միայն այսօրվա, այլև վաղվա ու վաղվա դարերի համար: Ապրում ենք ոչ միայն մեզ համար, այլև մեզանից հետո եկողների համար:

Հիմա ոմանք փորձում են խաթարել մեր անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունը: Հենց այդ պատճառով հիմա մենք պետք է լինենք առավել անկախ, քան երեկ, առավել ազատ, քան երեկ, առավել ինքնիշխան, քան երեկ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Եթե անկախությունը ձեռք բերելուն պես այն դառնար վերջնականապես երաշխավորված ավարտուն մի բան, ո՞րը կլիներ դրա իմաստը: Ծառը, տնկելուն պես չի դառնում ծառ: Շենքը շենք չի դառնում հիմքը դնելուն պես:

Գիտեմ՝ այս օրերին շատերդ եք ծանր ապրումների մեջ: Գիտեմ, որ ուզում եք վերցնել ու միանգամից լուծել բոլոր հարցերը, միանգամից ուժեղանալ, միանգամից անկախանալ: Ապրել ամբողջը՝ միանգամից և մեկընդմիշտ: Գիտեմ, որովհետև, ես էլ եմ նույնը զգում:

Սակայն, ցավոք սրտի, այդպես չի լինում: Եվ լինել անկախ մեկընդմիշտ, նշանակում է լինել անկախ ամեն օր: Լինել անկախ դարերով, նշանակում է լինել անկախ ամեն օր: Բայց դարից երկար ձգվում է օրը երբեմն: Հայտնի ստեղծագործության այս բառերը այս օրերին զգացվում են ողջ խորությամբ:

Այսօր մենք ոչ միայն նշում ենք անկախության օրը, մենք ապրում ենք անկախությունը: Ապրում ենք անկախությունը ոչ միայն այսօրվա, այլև վաղվա ու վաղվա դարերի համար: Ապրում ենք ոչ միայն մեզ համար, այլև մեզանից հետո եկողների համար:

Հիմա ոմանք փորձում են խաթարել մեր անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունը: Հենց այդ պատճառով հիմա մենք պետք է լինենք առավել անկախ, քան երեկ, առավել ազատ քան, երեկ, առավել ինքնիշխան, քան երեկ:

Դա անելու համար նախ և առաջ հարկավոր է սթափ գլխով գնահատել մեր շուրջը կատարվողը: Հասկանալ, որ դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել նաև ներսից:

Որքան նվազեցնեն թիրախի հեռավորությունը, այնքան կնվազի վրիպելու հնարավորությունը:

Եկեք թույլ չտանք, որ մեր ներսից նշանառության տակ վերցնեն մեր իսկ անկախությունը: Եկեք այս օրերին ամեն մեկս կատարենք մեր քաղաքացիական պարտքը այնպես, կարծես դա անում ենք դարերի համար: Կարծես հենց մեր գործողություններից է կախված անկախությունը: Որովհետև հենց այդպես էլ կա՛:

Սա կենդանի պատմություն է: Մենք այս պատմության դիտորդները չենք պարզապես, մենք հիմա ստեղծում ենք այդ պատմությունը: Մենք մի քանի անգամ ունեցել ենք անկախություն, եկե՛ք հիմա ունենանք մեկընդմիշտ: Մի քանի անգամ ունեցել ենք պետություն, եկե՛ք հիմա ունենանք մեկընդմիշտ»։

Verified by MonsterInsights