December 3, 2023

Եռաբլուրը մի՛ քաղաքականացրեք. Ինձ ասում են՝ ինչո՞ւ Ասկերանում չեք կանգնած, բա Հայաստանի սահմանները ո՞վ պահի. Ռոմիկ Մխիթարյան

«Իմ կյանքի 34 տարին տվել եմ Հայրենիքի պաշտպանությանը՝ չխնայելով ոչ առողջությունս, ոչ կյանքս»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանը՝ շարունակելով.

«Իմ եղբայրների, իմ ընկերների հետ արել ենք ամեն հնարավորն ու անհնարինը՝ հանուն հաղթանակի, հենց հիմա էլ պահում ենք Հայաստանի Հանրապետության սահմանները։ Ոչ ոք իրավունք չունի ուրանալու մեր արածը, ոչ ոք իրավունք չունի մեզ վիրավորելու, այն էլ՝ Եռաբլուրում։ ԵՌԱԲԼՈՒՐԸ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՐԵՔ»:

«Ես միայն կարող եմ ասել, որ մեր բոլորի համար շատ ծանր վիճակ է այսօր, շա՛տ, չգիտեմ՝ ինչ են մտածում էս բառերն արտահայտողները երկրապահի հասցեին, պատասխանելու բան էլ չկա»:

Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանը՝ անդրադառնալով միջադեպին, որի ժամանակ զոհվածների հարազատները կշտամբել էին նրանց ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված:

Լրագրողի դիտարկմանը, թե Սասուն Միքաելյանի հասցեին են հնչել, ոչ թե երկրապահների, ԵԿՄ անդամն ասաց. «Սասուն Միքաելյանն էլ նույն երեք պատերազմ անցած մարդ է, Սասուն Միքաելյանն էլ, երկրապահն էլ այսօր սահմանին կանգնած են: Ինձ ասում են՝ ինչո՞ւ Ասկերանում չեք կանգնած: Բա Ղափանի սահմանները, բա Հայաստանի սահմանները, իջնենք, գնանք Ասկերա՞ն: Եթե դուք ըտենց եք պատկերացնում, որ Հայաստանի դիրքերը թողնենք գնանք, լավ գնանք, կռվենք, բա մեր դիրքերը հիմա ո՞վ պահի, 1000-ից ավել մարդ կա հիմա դիրքերում կանգնած»:

Հարցին՝ ԼՂ ՊԲ զինաթափումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, Ռոմիկ Մխիթարյանն արձագանքեց. «Ինչի մասին է խոսքը, էլի պետք է 0-ից ամեն ինչ անենք, այն, ինչ 1988-ից սկսեցինք, այ իմ եղբայրը հենա ընտեղ է հուղարկավորված՝ Ռոլանդը, էլի պետք է սկսենք 0-ից»:

Հարցին՝ Ադրբեջանի կազմում ինչպե՞ս են սկսելու, վերջինս պատասխանեց. «Այն ժամանակ էլ էր Ադրբեջանի կազմում, մենք ազատագրել էինք այդ ամեն ինչը, մենք ազատագրել էինք, մի բան էլ՝ ավել, դե թող պահեին բոլոր իշխանությունները»:

Verified by MonsterInsights