December 3, 2023

Կոչ եմ անում Բայդենին անհապաղ դիվանագետներ և փորձագետներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ. Կոնգրեսական Քրիս Սմիթ

Այժմ առավել, քան երբևէ, ԱՄՆ նախագահ Բայդենը պետք է անհապաղ դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ստեղծելու մանդատ և խաղաղապահ առաքելություն՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին:

Այս մասին հայտարարել է կոնգրեսական Քրիս Սմիթը, ով վերջերս նախագահում էր Կոնգրեսի՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ծանր վիճակի վերաբերյալ 2 լսումները:

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լուրջ վտանգ է սպառնում. նրանք ստիպված են զինաթափվել և անկախությունը հանձնել անողոք բռնապետին, որի կառավարությունը տարիների ընթացքում բազմիցս սարսափելի վայրագություններ է իրականացրել նրանց դեմ, ցանկություն է հայտնել իրականացնել էթնիկ զտումներ և նույնիսկ սկսել ցեղասպանություն սովի միջոցով՝ արգելափակելով Լաչինի միջանցքը:

Ցավոք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բլեֆ է անվանել Բայդենի վարչակազմի այն պնդումները, թե  «չեն հանդուրժի» հարձակումը։

Սեպտեմբերի 6-ին իմ նախագահած արտահերթ լսումների ժամանակ Դեյվիդ Ֆիլիպսը` Կոլումբիայի համալսարանի վայրագությունների ծրագրի տնօրենը, ներկայացրեց Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված վայրագությունների վերաբերյալ լայնածավալ ապացույցներ՝ ներառյալ պատասխանատուների ցուցակը:

Ես կոչ եմ անում նախագահ Բայդենին անհապաղ դիվանագետներ և փորձագետ դիտորդներ ուղարկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան՝ վերահսկելու իրավիճակը և անմիջապես զեկուցելու ցանկացած վայրագության կամ չարաշահումների մասին։ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը բոլոր իրավունքներն ունեն շարունակելու ապրել իրենց հինավուրց հայրենիքում և դա անել ապահով վիճակում»:

ԱՄՆ-ն վերահաստատում է իր դիրքորոշումը, իսկ վերլուծաբանները շարունակում են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա հնարավոր զարգացումները:

Վաշինգտոնը խորապես մտահոգված է Բաքվի ձեռնարկած ռազմական գործողություններով, և կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել դրանք, «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քըրբին։

Նա հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն և ընդգծել է՝ «մենք բազմիցս շեշտել ենք, որ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է և հակասում տարածաշրջանում խաղաղության համար պայմանների ստեղծման ջանքերին»։

Քըրբին տեղեկացրել է նաև, որ ԱՄՆ-ը սերտ կապի մեջ է իր դաշնակիցների և գործընկերների հետ այս հարցի առնչությամբ ու ուշադրությամբ հետևում է զարգացումներին:

Verified by MonsterInsights