December 3, 2023

Չպետք է կուլ տալ ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի և նրանց տեղական պարագլուխների՝ հրահրող պատերազմի խայծը

Դողանք ու փայփայենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և ազատությունը։ Այսօր, առավել, քան երբևէ, վտանգված են այդ արժեքները, ասել է թե մեր կյանքն ու գոյությունը իբրև քաղաքացի, ազգ, պետություն։ Մնացածը ածանցյալ է, մշտապես ուղղելու, բարելավելու, վերականգնելու հնարավորությամբ։

Երբեք այսքան չեմ կարևորել յուրաքանչյուր քաղաքացու ճիշտ ու աներեր դիրքորոշումը, երբեք այսքան իմաստնացած չեմ համարել մեր հասարակությանն իր գերակշիռ մեծամասնությամբ, ով որերորդ անգամ մերժեց սադրանքների, ցնցումների, սահմանադրական կարգը խախտելու կոչերի հեղինակներին։ Իշխանության հանդեպ հիասթափությունը և ատելությունը չպետք է հայրենակործան և ազգակործան ուժ դառնան, յուրաքանչյուր իշխանություն անցողիկ ու ժամանակավոր է։

Չպետք է ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի և նրանց տեղական պարագլուխների գործիք դառնալ և կուլ տալ հրահրվող պատերազմի խայծը։ Խորին գնահատանքս մեր հասուն և զգայուն հասարակությանը՝ ներքին խառնաշփոթին ու ցնցումներին մասնակից չդառնալու համար։

Ինչ շտապողականություն և ջանքեր են դրսևորվում հայտնի ուժերի ու 5-րդ շարասյան կողմից՝ առաջ մղելու լավրովյան պլանը, թեկուզ և երկիրը ցնցելու, արյուն հեղելու գնով։ Ահավոր շտապում է նաև Ալիևը, քանզի գնալով ահագնանում են միջազգային ճնշումները (միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում, Բաքվի բռնակալի դատապարտում և սանկցիաների կիրառում), ահավոր շտապում է 5-րդ շարասյունը Մոսկվայի ցուցումով ռուսամետ ուժերին փողոց հանելու համառ ջանքերով, քանզի ՀՀ-ին արևմտյան աջակցությամբ սպառվում է իրենց պիտանելիության ժամկետը և սպասվում է խստագույն պատիժ ռուսական բռնակալի շահերը սպասարկելու, հայրենիքի դավաճանության համար։

Հասարակության ու իշխանության փոխըմբռնման, ահռելի կամքի, սառնասրտության դրսևորման շնորհիվ առայժմ հնարավոր չեղավ մեզ ներքաշել պատերազմի մեջ։

Սխալ է և վտանգավոր այն մտայնությունը, թե փոքր-ինչ դադար տանք, մեր քայլերը ավելի չկատաղեցնեն ՌԴ իշխանությանը։ Ճիշտ հակառակը, դեպի քաղաքակիրթ աշխարհ մեր շրջադարձն անվերադարձ ապահովող քայլերի արագությամբ, արևմտյան և ժողովրդավարական արժեքներից չհրաժարվելու հաստատակամությամբ կարող ենք ապահովել քաղաքակիրթ աշխարհի կոնսոլիդացիան և ավելի շոշափելի աջակցությունը մեր ազգային-պետական հիմնախնդիրների լուծման ու նաև Արցախի պահպանման հարցում։ Այլ ոչ թե պատերազմի մեջ ներքաշվելով ու ռուս-թուրք-ադրբեջանական հարթակներում դիվանագիտական քննարկումների մեջ մտնելով։

Ճիշտ ժամանակն է և տեղը (ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում արտահերթ քննարկման ժամանակ) իրերն իրենց անուններով կոչել և կտրուկ հրաժարվել ՌԴ միջնորդությունից կամ ռուսական կողմի մասնակցությամբ բանակցային որևէ գործընթացից, քանի որ վաղուց ի վեր Ռուսաստանը վերածվել է հակամարտող կողմի, դարձել ադրբեջանական ագրեսիայի սանձազերծողն ու հովանավորը։

Լավրովի պլանը ՀՀ պետականության և ինքնիշխանության ոչնչացման ծրագիրն է։

Մերժեցի՞նք Սերժին։ Ոչ, կարծում եմ, հենց իշխանության կողմից ամենապարարտ հողը ստեղծվեց հետհեղափոխական Հայաստանում 5-րդ շարասյան բուռն ծավալման համար։ Դրսևորվեց ամենամեղմ ու ձևական, հաճախ էլ անպատիժ վերաբերմունքը շարասյան  պարագլուխների նկատմամբ, դեռ ավելին՝ 5-րդ շարասյան ներկայացուցիչներ կան նաև այսօրվա կառավարության կաբինետներում։

Մերժենք տգիտությունը, անհասկացողությունն ու անկրթությունը, որոնք ևս անկախ պետականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգներ են։ Տարբեր ոլորտներում խայտառակ և անհամապատասխան կադրերի առկայությունը (ինչին կանդրադառնամ հետագայում), հավատացե՛ք, իշխանություններից վերջնականապես հիասթափվելու, ընտրական գործընթացները մերժելու, 5-րդ շարասյան ազդեցության տակ հայտնվելու գործոններ  են։

Մաքրվեք, ինքնամաքրվեք, որպեսզի կարողանաք ձեր շրջապատն ու հայրենիքն էլ մաքրել։ Մաքրվեք հոգեպես, բարոյապես, գաղափարապես, ֆիզիկապես…

Արևմտյան քաղաքակրթության ակունքներում ազդեցիկ դերակատարում ունեցած հայությունը արժանի է հզոր և կայացած պետականություն ունենալու, հավերժ իր ինքնիշխանությունը պահպանելու։ Ռուս-թուրք-ադրբեջանական տիրապետությունը հնարավոր է հաղթահարել հզոր գիտելիքով, կրթությամբ, մշակույթով և քաղաքակիրթ աշխարհի հետ սերտ համագործակցությամբ։

Վահան Վարդապետյան; Բժիշկ, հասարակական գործիչ

Verified by MonsterInsights