December 3, 2023

ՌԴ-ի քաղաքականության հիմքում ոչ միայն «դաշնակիցների», այլ նաեւ իր զինվորների կյանքի վրա կառուցվող «առուծախն» է. Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն անդրադարձել է ԼՂ–ում Ադրբեջանի կողմից ռուս խաղաղապահների սպանության լուրին, և այդ ֆոնին ընդգծել, որ մեր խնդիրն է հասկանալ, թե ինչպես պետք է հարաբերվել այդ Ռուսաստանի հետ, որը ըստ անհրաժեշտության կարող է առեւտուր անել անգամ իր զինվորների կյանքի վրա:

«Ալիեւը ներողություն է խնդրել Պուտինից՝ ռուս խաղաղապահների մեքենան գնդակոծելու համար, որի հետեւանքով զոհվել էին խաղաղապահներ: Ներողություն է խնդրել եւ հայտնել նրանց ընտանիքներին փոխհատուցելու պատրաստակամություն:

Եվ բնականաբար նրա ներողությունը կընդունվի՝ փոխհատուցման հետ մեկտեղ: Եվ կարելի է չկասկածել, որ շատ ավելի մեծ փոխհհատուցում կստանա ռուսական Պուտինը եւ նրա գլխավորած վերնախավը, քան զոհերի ընտանիքները:

Սա է ժամանակակից Ռուսաստանի դեմքը եւ բնույթը, ու սա բոլորովին նորություն չէ: Ժամանակակից Ռուսաստանի մեծապետական քաղաքականության հիմքում ոչ միայն «դաշնակիցների», այլ նաեւ սեփական զինվորների կյանքի վրա կառուցվող «առուծախն» է:

Ընդ որում, նկատենք մի տարօրինակ հանգամանք: 44-օրյայի հրադադարից մի քանի ժամ առաջ խոցվեց ռուսական ուղղաթիռը Երասխում՝ Նախիջեւանից: Դարձյալ ներողություն եւ փոխհատուցելու պատրաստակամություն, եւ իբր՝ քննություն:

Արցախի դեմ նոր ագրեսիա, եւ այս անգամ ռուսական ոչ թե ուղղաթիռի, այլ մեքենայի գնդակոծում ու զոհեր, դարձյալ ներողություն ու փոխհատուցցում:

Ինչ կա այդ ամենի տակ, կամ կարող է լինել, եւ կա՞ որեւէ «օրինաչափություն», կարող ենք միայն ենթադրել:

Ամբողջ հարցն այն է, որ մենք այս Ռուսաստանի հետ գործ ունենք եւ չենք կարող չունենալ, որովհետեւ դժբախտաբար՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով մենք չենք որոշում՝ գործ ունենալ, թե ոչ: Եվ հետեւաբար, մեր խնդիրն է հասկանալ, թե ինչպես պետք է հարաբերվել այդ Ռուսաստանի հետ, որը ըստ անհրաժեշտության կարող է առեւտուր անել անգամ իր զինվորների կյանքի վրա:

Մեր անվտանգության խնդիրը հրամայական է դարձնում այդպիսի Ռուսաստանի հետ գործ ունենալու համարժեք մեխանիզմն ու սխեմաները գտնելը, եթե իհարկե մեր գործը Ֆեյսբուքում նստած կամ կանգնած՝ Ռուսաստանին գրողի ծոցն ուղարկելով, իսկ չուղարկողներին էլ գործակալ հռչակելով հերոսանալը չէ, ազատ լինելով իրական կյանքի համար պատասխանատվությունից»:

Verified by MonsterInsights