December 3, 2023

Բուժաշխատողները ԿԽՄԿ-ից պահանջում են ապահովել ԼՂ-ից վիրավորների տարահանումը և պատրաստակամ բուժաշխատողների մուտքը ԼՂ

ՀՀ տարբեր բուժհաստատությունների բուժաշխատողներ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ԿԽՄԿ գրասենյակի դիմաց՝ պահանջելով ԼՂ-ում գտնվող վիրավորներին, որոնց չեն կարողանում համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերել, անհապաղ տեղափոխել Հայաստան, ինչպես նաև ապահովել պատրաստակամ բուժաշխատողների մուտքը ԼՂ:

«Մի մոռացեք ձեր առաքելությունը, մի շփոթեք նեյտրալությունը անտարբերության և անգործության հետ: Ի՞նչ է արել Կարմիր խաչի միջազգային առաքելությունը այս 3 օրերի ընթացքում, ի՞նչ գործառույթներ է իրականացրել, ձեր մարդասիրական գործունեության ամենակարևոր բաղադրիչն է հումանիտար աջակցություն ցուցաբերելը: Այդ ինչպես է ստացվում, որ այլ երկրներում դուք կարողանում եք իրականացնել այդ երկրների ժողովրդի շահերին համապատասխան գործողություններ, իսկ երբ հարցը հասնում է Արցախում ապրող հային, դուք դառնում եք միջազգային կազմակերպություն ու հիշում ձեր նեյտրալության մասին: Էստեղ մարդիկ են, ովքեր բազմիցս են գնացել Արցախ կամովի՝ տարբեր նախաձեռնությունների շրջանակներում: Մեր հստակ պահանջն է անհապաղ տեղափոխել վիրավորներին: Համոզված եմ, որ համապատասխան զեկույցները ստանում եք Արցախի ձեր գրասենյակից ու գիտեք՝ ինչ է կատարվում Արցախում, որ վիրավորները համապատասխան բուժում չեն կարողանում ստանալ, որովհետև այնտեղ կա բժիշկների, բուժաշխատողների, դեղորայքի խնդիր: Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ չեք գործում: Ընդունեք մեզ, լսեք մեր պահանջները և բացատրեք, թե ի՞նչ եք պատրաստվում անել»,- ասել է բուժաշխատողներից մեկը:

Մանկական վիրաբույժ Աշոտ Հովսեփյանն էլ նկատել է՝ բոլորի համար հասկանալի է, որ տևական ժամանակ կար դեղորայքի և բժշկական պարագաների սղություն, իսկ հիմա՝ այս պատերազմի պայմաններում, սղությունն էլ ավելի է արտահայտվել ԼՂ-ում և ճգնաժամ է, նույնիսկ առաջին բուժօգնությունը գրեթե անհնար է. «Կարմիր խաչից՝ որպես այս պահի դրությամբ Արցախում մուտք ունեցող միակ միջազգային կազմակերպությունից, պահանջում և խնդրում ենք ապահովել Արցախից ծանրդ հիվանդների դեպի Հայաստան տեղափոխելը և նաև պատրաստակամ բժիշկների մուտք դեպի Արցախ, որպեսզի կարողանանաք օգտակար լինել»:

«Արդեն այսօր 9 վիրավոր անձինք մեր ուժերով տեղափոխվել են և ստանում են բուժօգնություն հիվանդանոցում՝ Ստեփանակերտում, և դրա հետ մեկտեղ մենք կարողացել ենք նաև որոշակի  քանակությամբ բուժպարագաներ փոխանցել հիվանդանոցին»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԽՄԿ-ի Հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նա նկատեց, որ հույս ունեն, որ առաջիկայում կշարունակվի աջակցությունը թե՛ բուժառուների տեխափոխման առումով, թե՛ տարբեր մարդասիրական հումանիտար օգնության տեսքով:

«Այս հարցերով զբաղվելու մեր միակ հնարավորությունը ինչպես բազմիցս նշել ենք, դա կողմերի համաձայնությունն է, որը կարող է երաշխավորել թե՛ մարդասիրական օգնության, և թե՛ այդ օգնության և տեղաշարժի անվտանգությունը»,- նկատեց նա:

Հարցին, թե այստեղից բժիշկներ են ուզում գնալ ԼՂ, արդյո՞ք քննարկվել է հարցը և հարցը, ի՞նչ լուծման են եկել Զառա Ամատունին պատասխանեց. «Մեր կազմակերպությունը չի կարող այդպիսի գործելաոճ որդեգրել, մենք աշխատում ենք մեր մասնագետների օգնությամբ, բնականաբար համագործակցում ենք համապատասխան պատկան մարմինների հետ: Մեր գործելաոճը ենթադրում է, որ մենք կարող ենք միայն աշխատել մեր անձնակազմի հետ, նաև մեր գործընկեր հայկական «Կարմիր խաչ»-ի անձնակազմի և նաև կամավորների հետ»:

ՀՀ տարբեր բուժհաստատությունների բուժաշխատողներ բողոքի ակցիա էին կազմակերպել ԿԽՄԿ գրասենյակի դիմաց՝ պահանջելով ԼՂ-ում գտնվող վիրավորներին, որոնց չեն կարողանում համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերել, անհապաղ տեղափոխել Հայաստան, ինչպես նաև ապահովել պատրաստակամ բուժաշխատողների մուտքը ԼՂ:

Verified by MonsterInsights