February 22, 2024

Դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիությունը ի ցույց դնելու ջանքեր են գործադրում. վարչապետ

Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ ցույց են տալիս, որ անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգավված է ՀՀ-ն, արդյունավետ չեն:

Այս մասին քիչ առաջ արված հայտարարության մեջ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 թ-ի դեկտեմբերին ԼՂ Խծաբերդի և Հին թաղերի գրավումն ու 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, ԼՂ հայ բնակչությանը սպառնացող բազմաթիվ արտահայությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, Ադրբեջանի լայնածավալ հարձակումը լրջագույն հարցեր են բարձրացնում ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ:

ԼՂ հայությունն այսօր էլ էթնիկ զտումների վտանգների տակ է: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռներ են մուտք գործել, բայց դա իրավիճակը չի փոխում և եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումները զսպելու իրական մեխանիզմներ չլինեն, հավանականությունը, որ ԼՂ հայերն իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ տարբերակ կտեսնեն ԼՂ-ից հեռացումը, խիստ մեծ է:

Այդ պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի Ադրբեջանի և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա:

Իհարկե, ՀՀ կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանության միջազգային  մեխանիզմների ներդրման վրա: Այս ջանքերի արդյունք չտալու դեպքում, ՀՀ-ն սիրով ու հոգատարությամբ ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին կընդունի Հայաստանի Հանրապետություն: Սրանով, սակայն, իրավիճակը ոչ թե կմեղմվի, այլ ավելի կբարդանա:

ՀՀ-ն երբեք իր դաշնակցային պարտավորություններից չի հրաժարվել և իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել, բայց իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերն ու դաշնակիները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիությունները ի ցույց դնելու և հայ ժողովրդի՝ անկախ պետություն ունենալու անհնարինությունն ի ցույց դնելու խնդիր են դրել»,-նշեց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ մտահոգիչ է, որ հայկական կողմի ահազանգերին արձագանքելու փոխարեն՝ ՀՀ որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր երկրի խոցելիությունը ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործի դնում:

Ըստ վարչապետի՝ այսպես վտանգի տակ է դրվում ոչ միայն ՀՀ արտաքին, այլև ներքին անտանգություն ու կայունությունը, և սա արվում է միջպետական ու դիվանագիտական էթիկայի, կոռեկտության կոպիտ խախտումներով՝ ընդհուպ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

«Այս քայլերին ի պատասխան մենք կոչ ենք անում և հորդորում մեր գործընկեներին՝ հարգել մեր պետություն ու ինքնիշխանությունը և մեր վճռական կամքն ենք արտահայտում՝ ուժեղացնելու մեր պետականությունը, արտաքին և ներքին անվտանգությունը: Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները՝ մեր անկախությունը պաշտպանելու համար:

Անհրաժեշտ է վերահաստատել ազատ և ինքնիշխան պետություն լինելու մեր կամքը, մենք հարգում ենք միջազային մեր բոլոր գործընկերներին և նմանատիպ հարգանք ակնկալում մեր նկատմամբ:

Արդեն գրեթե բաց և թափանցիկ առաջ են քաշվում մեր՝ ծայրագավառ դառնալու կամ անկախությունը պաշտպանելու տարբերակները»,-հավելեց վարչապետը՝ նշելով, որ ինքը ՀՀ վարչապետն է, հետևաբար առաջնորդում է անկախության պաշտպանության շարժումը:

«Եվ եթե լինեի ՀՀ շարքային քաղաքացի, կգնայի անկախության պաշտպանության շարժումը առաջնորդող վարչապետի հետևից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու՛ է, որովհետև Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ, այդ մեկ մարդը դու ես: ՀՀ քաղաքացին կհաղթի ինքնիշխանության, ազատության և անկախության մեր պայքարում:

Փառք նահատակներին և կեցցե՛ անկախությունը»,-եզրափակեց վարչապետը:

Verified by MonsterInsights