December 3, 2023

Հայաստանում քաղաքացիական պատերազմի «ենթագիտակցական» հողի «փխրեցում»

Հայաստանում տարածվում է «միտք», թե Հայաստանի իշխանությունը «վախենում» է, որ արցախցիների Հայաստան էվակուացիայի պարագայում կլինի դժգոհ մեծ հանրային շերտ, որը կբերի իշխանափոխության:

Ընդ որում, այս «միտքը» տարբեր կոնֆիգուրացիաներով ու շեշտադրումներով Հայաստանում ներքաղաքական շրջանառության է դրված վաղուց, ընդհուպ այն համատեքստով, որ Արցախում կազմակերպվել է իշխանափոխություն՝ Արցախը հանձնելու համար, որպեսզի հետո արցախցիները տեղափոխվեն Հայաստան և դուրս գան գործող իշխանության դեմ:

Այս միտքը այլ բան չէ, քան Հայաստանում քաղաքացիական պատերազմի «ենթագիտակցական» հողի «փխրեցում», այսպես ասած «պարարտացում», կամա, թե ակամա: Տարբեր, այդ թվում երբեմն նաև մերձիշխանական ճամբարներից շրջանառվող այս «միտքը» նախ վիրավորական է արցախցիների համար, որոնք այսօր կանգնած են կյանքի համար ճակատագրական մի իրավիճակի առաջ, ֆիզիկական ու հոգեբանական մեծ ցավի առաջ, իսկ Հայաստանում նրանց տարբեր քարոզչական նկատառումներով դիտարկում են իշխանափոխության «հումք»:

Երկրորդ, սա սրում է վերաբերմունքը հայաստանցի-ղարաբաղցի տիրույթում, հերթական անգամ, ինչը մեղմ ասած անթույլատրելի է: Մյուսը, արցախցիների մի մասը բնականաբար տեղի ունեցածի և ունեցողի համար մեղադրել ու մեղադրելու է Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, ինչպես որ անում է նաև հայաստանցիների մի զգալի մաս:

Միաժամանակ, արցախցիների մի մասն էլ իրավիճակը գնահատում է այլ կերպ, և մեղմ ասած լինելով Հայաստանի իշխանության ընդդիմախոս, ամենևին չի համարում, թե Հայաստանի իշխանափոխությունն է որևէ խնդրի լուծման բանալին, և իրավիճակի պատասխանատուների շատ ավելի բազմազան շրջանակ է դիտարկոււմ, ներառյալ թե Արցախի նախկին ու ներկա քաղաքական պատասխանատուները, թե Հայաստանի՝ ոչ միայն ներկա, այլ նաև նախկին պատասխանատուները:

Ըստ այդմ, տարաբնույթ նպատակներով՝ այսօր ծանրագույն վիճակում գտնվող արցախցիներին «հռչակել» Հայաստանում իշխանափոխության պոտենցիալ, իբրև թե նրանց ճակատագրի հարցում մտահոգությունից ելնելով, փորձելով ստեղծել տպավորություն, թե Հայաստանն է խանգարում էվակուացիային, մեղմ ասած վտանգավոր է:

Հատկապես հաշվի առնելով նաև այն, ոչ միայն հոգեբանորեն և ֆիզիկապես ծանրագույն վիճակը, որ կա այսօր Արցախում, այլ նաև այն քաղաքական, աշխարհաքաղաքական բարդությունները, որ առկա են անգամ էվակուացիայի հարցի շուրջ, և պահանջում են թերևս այդ թեմային անդրադարձի չափազանց մեծ շրջահայացություն:

Verified by MonsterInsights