December 3, 2023

Եթե Հայաստանը ճանապարհը չբացի, այն անցնելու է Իրանի տարածքով. Էրդողանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալուն պես ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաև Զանգեզուրի և Լաչինի միջանցքներին:

«Զանգեզուրի միջանցքով Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների հետ ճանապարհների և երկաթգծերի միջոցով ուղիղ կապերի հաստատումը կամրապնդի մեր հարաբերությունները։ Այս ամուր կապի շնորհիվ մենք հաջորդ ժամանակահատվածում մի քանի անգամ ավելի մեծ առաջընթացի կհասնենք, քան անցյալում, շատ առումներով։

Ուստի մենք ամեն ինչ անելու ենք, որ այս միջանցքը հնարավորինս շուտ բացվի»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք»-ը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, այն ռազմավարական խնդիր է, որը պետք է ավարտին հասցվի. «Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կարող են անմիջապես հասնել Կարս։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրությունը շատ ավելի կամրապնդվի»:

Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ Իրանից էլ դրական ազդակներ են գալիս, ինչը նա հուսադրող է համարել:

«Մեր հույսն է այս վայրերը դարձնել խաղաղության միջանցք: Այս միջանցքը հնարավոր չէ պատկերացնել որպես պատերազմի վայր։ Մենք պետք է այս խնդիրը լուծենք առանց կռիվների և բախումների։ Եթե համարենք, որ սա երկաթուղային համակարգ է, ապա Թուրքիայից Նախիջևանով եկող գնացքը կանցնի Հայաստանով եւ կհասնի Ադրբեջան։

Ինչ վերաբերում է Հայաստանով անցնելուն, եթե Հայաստանն այս ճանապարհը չբացի, ապա ինչպե՞ս է անցնելու։ Այն անցնելու է Իրանի տարածքով։ Իրանը հիմա դրան դրական է նայում, և այդ պատճառով հնարավոր է Իրանի տարածքով Ադրբեջան անցնելու հնարավորություն լինի»,- ասել է նա:

Verified by MonsterInsights