ՀՅԴ-ի ֆեյսբուքյան էջն ազդարարում է Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 30-ին՝ ժամը 17։00-ին, տեղի ունենալիք հանրահավաքի մասին, որը հրավիրել է «Ազգային կոմիտե»-ն։
Տեղին է ասել՝ դուք անգամ նորմալ ազդագիր հղել չեք կարողանում ու դեռ երկիրը կառավարելու ամբիցիանե՞ր եք ցուցադրում։ Ինչեւէ։
Կոմիտեականները, ինչպես հայտնի է, որոշել էին «թայմ աութ» վերցնել ու օրերս հայտարարել էին նախապես հրավիրված հանրահավաքը հետաձգելու մասին:
«Շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք: Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով եւ անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։ Հանրահավաքի օրվա եւ ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասվում էր պատճառաբանության մեջ:
Այս օրերին, երբ արցախահայ մեր հայրենակիցների հոսքը մեծ թափով շարունակվում է, արցախափրկիչները, փաստորեն, որոշել են ավարտված համարել հումանիտար աղետի հաղթահարումն ու նորից հավաքվել, ցույց անել, կրկնել իրենց արդեն հայտնի թեզերը, սղոցել հանրապետության լսողական ապարատը։
Ի դեպ, Անդրանիկ Թեւանյանը սեպտեմբերի 2-ին ՀՅԴ-ի հրավիրած՝ ԼՂ անկախության հռչակման տարեդարձի առթիվ կայացած հանրահավաքում ազդարարեց՝ «Հայաստանը ունի առաքելություն՝ տեր կանգնել Արցախին. եթե հրաժարվում ենք այդ առաքելությունից, վերանում է Հայաստանի գոյության իմաստը»։
Հայաստանի Հանրապետությունը մինչեւ վերջ տեր կանգնեց ԼՂ-ին ու արցախահայությանը, չհրաժարվեց իր առաքելությունից, ՄԱԿ ԱԽ նիստերում աղաղակեց ԼՂ-ին սպառնացող ցեղասպանության մասին, բոլոր հնարավոր միջոցներով հետամուտ եղավ Լաչինի միջանցքի բացմանը, իսկ ինչ արե՞ցին Թեւանյանն ու մյուսները։ Այո, բոոլշեւիկյան էնտուզիազմով շարունակեցին բանսարկությամբ զբաղվել ընդդեմ Հայաստանի իշխանությունների եւ Հայաստան պետության ընդհանրապես։
Հիմա, երբ ԼՂ էլիտայի ձեռամբ տրվել է ԼՂ գոյության դադարեցման մեկնարկը, ի՞նչ նպատակով է պայքարելու Թեւանյանը. չէ՞ որ, ըստ նրա համոզմունքի, եթե չկա հանուն ԼՂ-ի իրականացվող առաքելություն, դադարում է Հայաստանի գոյությունը։ Փաստորեն, Թեւանյանի ու մյուսների մասնակցությամբ կոմիտեն այժմ մեկ առաքելություն ունի՝ հասնել Հայաստանի գոյության դադարեցմանը, եթե կուզեք՝ լուծարմանը, քանի որ, ըստ տրամաբանության, առանց ԼՂ գոյության Հայաստանի գոյությունն այլեւս անիմաստ է։
Մի նկատառում էլ՝ քաղաքական տակտի զգացում ունեցող նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում ԼՂ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հանգրվանային փուլերում «թայմ աութ» վերցրեց՝ դադարեցրեց հանրահավաքները՝ գործընթացներին չխանգարելու համար, երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես նշելով. «Ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը: Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից»:
Փաստորեն, Տեր-Պետրոսյանն «աչքով տվեց», նրա հայտարարությունից դեռ 24 ժամ չանցած՝ ընդդիմությունը որոշեց վերադառնալ սիրած գործին՝ երկրի ներքաղաքական իրավիճակը վերստին սրելուն ու մթնոլորտը պղտորելուն։
Բաց մի թողեք
Բուլղարիան պահանջել է, որ Զախարովայի մարմինը չլինի
Նախկինը՝ նորերի շարքում․ Ամենայն հավանականությամբ պետք է սպասել մանդատի փոխարինում
ԼՂ նախագահը, որին ընդդիմադիր դաշտը շատ սիրում է, զանգում է Բաքու, բանակցում. Բաբայան