December 8, 2023

Ահա քեզ չարչրկված վեկտորը, վեկտորի փոփոխությունը կամ ուղենիշը. Վարդապետյան

Գոհ եմ ՀՀ վարչապետի ելույթից և լիարժեք տպավորված:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում  գրել է բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը:

«Վաղուց ի վեր հպարտության և արժանապատվության այսքան ապրումներ չէի ունեցել։ Եվրոպական ամենաբարձր ատյանում հնչեց ոսկեղենիկ մեր հայերենը, որն իսկապես արժանի է դառնալու քաղաքակիրթ աշխարհի հաղորդակցության լեզուներից մեկը։

Եվրամիությունը հոտնկայս ծափահարությունների ներքո հաստատեց ՀՀ֊ի մուտքը քաղաքակիրթ և ժողովրդավարական աշխարհ, ընդգծված հարգանքով ողջունեց իմ պետության առաջնորդի` եվրոպական և համամարդկային արժեքներին հոգեհարազատ ելույթը։

Ահա վարչապետի ելույթի, իմ կարծիքով, ամենահանգուցային միտքը, որ առաջին հայացքից գեղարվեստական, լիրիկական ու զգացմունքային թվացող, բայց իրականում ամենաքաղաքական, ամենադիվանագիտական ու հեռահար այս ձևակերպումն է`

«ՀՀ պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»։

Ահա քեզ չարչրկված վեկտորը, վեկտորի փոփոխությունը կամ ուղենիշը։

Մենք մեր տեղը պետք է գտնենք, ու ճիշտ դասակարգենք֊ճանաչենք թշնամի֊հակառակորդներին և բարեկամ֊ դաշնակիցներին, որպեսզի զգուշանանք, տեղ հասնենք, թիկունքից հարվածներ չստանանք և կորուստներ, պարտություններ չունենանք։ Դրա ապացույցը ելույթի մյուս կարևոր ձևակերպումն է`

«Մենք հանձնառություն ենք ստացել առավել ամրապնդել ԵՄ֊Հայաստան փոխհարաբերությունները»:

Այս ամենին հասնելու բանալին ժողովրդավարական անշեղ ուղին է, վարչապետի ձևակերպմամբ`«Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարական ընտրություն է»:

Ինչի շնորհիվ այլևս ունենք ռուսական նավում հայտնված, նավապետի գիրկը նետված, միմիայն ռուսական բանակցային հարթակը նախընտրող և արևմտյան հարթակներից փախչող բռնակալ…

Սա ամենամեծ դիվանագիտական ձեռքբերումն է, որի արդյունքը ազգովի տեսնելու ենք, նախ և առաջ արցախահայերի վերադարձի և ինքնորոշման իրավունքի ճանաչման տեսքով…

Գոհ եմ ելույթից, լիարժեք տպավորված և այն ակնկալիքով, որ վերջապես բռունցքը կզարկի ու կմաքրի կողքի անաշխատունակ, անկարող, խայտառակ, տհաս առողջապահական, մշակութային և կրթական աղբը, քանզի քաղաքակիրթ աշխարհի առջև պետք է հանդես գանք մեր ազգային արժանապատիվ դեմքով»

Verified by MonsterInsights