February 22, 2024

Ինչ պայմաններում է ստորագրվել հրամանագիրը

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ գործընթաց է սկսում նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը չեղարկելու դեմ, նրա հայտարարությունների հիմքով քրեական գործ է հարուցվել` զինվորական պաշտոնեական անփութության եւ «մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու» հոդվածներով։

«Հրապարակ» թերթը գրում է. Մեղադրյալներ այս պահին չկան: ՀՀ իշխանություններն այս գործը սրի պես կախած կպահեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գլխին, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններ սկսել։

Ինչ վերաբերում է Շահրամանյանի` սեպտեմբերի 28-ին ստորագրված հրամանագրին, որով լուծարվում են ԼՂ պետական կառույցները, Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից դադարում է գոյություն ունենալ, Շահրամանյանը դեռ չի պարզաբանել, թե ինչ հանգամանքներում է այն ստորագրել։ Հայտնի է միայն, որ մինչ այդ նա ԱԽ նիստի շրջանակում հանդիպել է Արցախի նախկին նախագահների հետ։ Մեր աղբյուրներն ասում են, որ մինչեւ ստորագրելը արցախյան ղեկավարները քննարկել են այն եւ գիտեն, որ այն իրավական ուժ չունի` հակասահմանադրական է, քանի որ Արցախի նախագահը չի կարող, դիցուք, դատական իշխանությունը լուծարել, իսկ հանրապետությունը լուծարել կարող է միայն ժողովուրդը՝ հանրաքվեով։

Իրականում այն պարտադրված է ստորագրվել` Ալիեւի սպառնալիքների ներքո, որ Ադրբեջանի զինուժը չմտնի Ստեփանակերտ, եւ բնակչությանը թույլ տան հեռանալ։ Իսկ Ալիեւի ինչի՞ն է պետք մի որոշում, որն իրավական ուժ չունի: Մեզ ասացին` քարոզչական նպատակներով օգտագործելու համար: Այն, փաստորեն, նաեւ Փաշինյանն ու իր թիմն է օգտագործում քարոզչական նպատակներով` Արցախի հանձնումը գցելով Շահրամանյանի եւ մյուսների «գրպանը»։ Հիմա, երբ Արցախի իշխանության ներկայացուցիչները հավաքվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, Փաշինյանը, վախենալով հնարավոր զարգացումներից, նրանց դեմ նոր զենքեր է գործի դնում։

Verified by MonsterInsights