December 7, 2023

Մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև ՀՀ-ում իշխանությունը տապալելու կոչեր էին հնչեցնում. ՀՀ վարչապետ

«Այն ժամանակ, երբ 100 հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստան, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև ՀՀ-ում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում»:

Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ:

Նա հավելել է, որ 100 հազար մարդ 1 շաբաթվա ընթացքում տեղահանվել է, ենթարկվել էթնիկ զտման և տեղավորվել Հայաստանում, ոտեղ լուծվում են այս մարդկանց հրատապ բոլոր կարիքները՝ սնունդից սկսած: Ըստ վարչապետի, այս հարցում ակնկալվում է եվրոպական գործընկերների աջակցությունը:

Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և այլք։

ԵՄ-ից մասնակցել են Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալեսանդրո Չոկետտին, Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկուս Վինկլերը, Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Անդերս Ռասմուսենը և այլք։

Հանդիպման օրակարգում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից 100 հազարից ավելի հայերին բռնի տեղահանելու հետևանքով առկա հումանիտար իրավիճակի հարցն է եղել, դրա հաղթահարման քայլերը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և այլն։

Ստրասբուրգում ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն հայտնեց Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ։

«Անձամբ իմ, Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի անունից ուզում եմ ցավակցություն հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական ակտի առիթով և դատապարտել այդ ահաբեկչությունը։ Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել բոլոր տուժածներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Verified by MonsterInsights