Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումների ընթացքում ըստ էության ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ:
Այս մասին Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման ժամանակ:
«Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում: Հայաստանն ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը»,- ասաց վարչապետը:
Լիտվան Եվրամիությունում Հայաստանի վստահելի գործընկերներից է և Հայաստանը շնորհակալ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում Լիտվայի կողմից ցուցաբերվող քաղաքական աջակցության համար:
Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպումից հետո իր հայտարարությունում:
Սա Լիտվայից վարչապետի մակարդակով առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն, ինչը, ըստ վարչապետի, վկայում է երկու երկրների հարաբերությունների զարգացման նոր դինամիկայի մասին: Այս մասին են վկայում նաև վերջին տարիներին ակտիվացած փոխադարձ այցերը: Լիտվայի և ՀՀ-ի նախագահները 2022 և 2023թթ փոխադարձ այցեր են կատարել: 2021-ին աշխատանքային այցով Լիտվայում է եղել նաև Հայաստանի վարչապետը, ԱԽ քարտուղարը, ԱԳ, ՆԳ նախարարները:
«Լիտվան ԵՄ-ում մեր վստահելի գործընկերներից է: Եվ մենք շնորհակալ ենք ԵՄ-Հայաստան հարաբերություններում Լիտվայի կողմից մեզ ցուցաբերվող քաղաքական աջակցության, մեր տեսակետների և մոտեցումների հասանելիության և մեզ համար կարևոր որոշումների կայացմանը ԵՄ-ում աջակցելու համար: Նման մի որոշում է Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելը:
Լիտվայի վարչապետին ներկայացրել եմ «խաղաղության խաչմերուկի» մեր նախագիծն ու առաջարկը, որի առանցքային նպատակը տարածաշրջանային, հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք հաղորդակցությունների վերաբացումն ու ակտիվացնում է, այդ թվում Հայաստանի տարածքով, որը Կասպից ծովը կմիացնի Միջերկրականին, Սև ծովը՝ Ծոցին: Սա կարող է ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք լինել, այլ նաև գլոբալ տնտեսական համագործակցության կարևոր օղակ դառնալ: Սա կարող է ակտիվացնել նաև ԵՄ-Հայաստան, Լիտվա-Հայաստան տնտեսական կապերը:
Վերջին տարիներին Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառությունն էական տոկոսային աճ է ունեցել, բայց բացարձակ թվերը շարունակում են մնալ սիմվոլիկ: Կարծում եմ Հայաստան-Լիտվա միջկառավարական համագործակցության հանձնաժողովը մտածելու բան ունի և աշխատելու մեծ ճակատ: Պայմանավորվցինք, որ այդ աշխատանքն կակտիվացնենք»,- ասաց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաց մի թողեք
Բլինքենն անհամբերությամբ սպասում է Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպմանը. Օ՛բրայեն
Իսրայելը հրապարակել է տարածաշրջանում անվտանգ երկրները. կա՞ արդյոք Հայաստանն այդ շարքում
Եղել է զանգ սովետական վարքագծով, տեղեկացրել եմ գործադրին․ Հարությունյան