December 4, 2023

Երեւանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային փառատոն

Հոկտեմբերի 22-28-ը Երեւանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, ժամը 18:30-ին՝ Կինոյի տանը, որտեղ անցկացվելու են նաեւ մրցութային ծրագրերը: «Ռետրոսպեկտիվ» հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «Թումո» կենտրոնում։

Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնը նշում է հիմնադրման 15-ամյակը. այն նվիրված է Հայկական անիմացիայի 85 եւ Հայ կինոյի 100-ամյակներին:

2009 թվականից անցկացվող «ՌեԱնիմանիա» փառատոնը սկիզբ է դրել Հայաստանում անիմացիոն կինոարվեստի զարգացմանը։ Փառատոնը հիմնադրել է երգիծանկարիչ, գեղանկարիչ եւ մուլտիպլիկատոր Վրեժ Քասունին: Որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենամեծ անիմացիոն իրադարձություն՝ «ՌեԱնիմանիան» տարեկան ցուցադրում է ավելի քան 400 ֆիլմ եւ ներգրավում է շուրջ 10 հազար հանդիսատեսի, հյուրերի եւ մասնակիցների՝ ամբողջ աշխարհից: Այս ցուցանիշը տարեցտարի շարունակում է աճել:

Փառատոնի նպատակն է՝ նպաստել հայկական անիմացիայի զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաեւ հայ մասնագետների համար փորձի փոխանակման, միջազգային կապեր ձեռք բերելու եւ սեփական նախագծերը կյանքի կոչելու հնարավորությունների հարթակի ստեղծմանը։
Փառատոնն այս ուղղությամբ առաջին քայլերը կատարել է դեռեւս 2010 թվականին՝ ստեղծելով MarAni անիմացիոն շուկայի հարթակը։ Որոշակի դադարից հետո «ՌեԱնիմանիա» 15-րդ հոբելյանական փառատոնին կից կրկին կգործարկվի MarAni հարթակը՝ կատարելագործված եւ նոր ձեւաչափով։

Մեկնարկում է «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնը

Verified by MonsterInsights