December 3, 2023

Փրկված մասունքներ. «Ամենից շատ մեր տեղական իշխանությունների կողմից ենք հալածվել»

«Գիտությունը չպետք է քաղաքականացվի, կապվի որեւէ նախընտրական գաղափարի հետ։ Դա միայն Կրեմլի մեղքը չէ։ Այն գիտնականները, ովքեր ճիշտ են փաստարկել Հայոց պատմության առանցքային հարցերը, ամենից շատ մեր տեղական իշխանությունների կողմից են հալածվել։ Նրանց ճնշումը հասել է հետապնդելու  աստիճանի»։  Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

(Զրույց Հայաստանի ԳԱ նախագահ, ակադեմիկոս ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետԶրույցին միջամտում է Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Գագիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ։

1990թ․  Երեւան
Շուշան ՂԱԶԱՐՅԱՆ – Ինչպես եք վերաբերվում  Գիտությունների  Ակադեմիայի նոր կարգավիճակին՝ կապված ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի նոր հրամանի հետ։

Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ – Պրեզիդենտի հրամանը միանշանակ վերաբերում  է միութենական Գիտությունների Ակադեմիային, այն մեզ չի վերաբերում։

Շ,ՂԱԶԱՐՅԱՆ- Այսինքն՝ Հայաստանի Գիտությունների Ակադեմիան դու՞րս է կամ անկա՞խ է միութենական Ակադեմիայի ենթակայությունից։

Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ – Մեր Ակադեմիան անկախ է եւ միշտ եղել է անկախ՝ ԽՍՀՀՄ համակարգի մեջ։ Սա պետք է ընդգծել։ Ուրիշ բան, որ մենք կազմակերպչական աշխատանքի ընդհանուր օրենքներով ենք առաջնորդվել, քանի որ մեր տնտեսական ու ֆինանսական գործընթացը օրենքների նույն մեխանիզմով է ղեկավարվել։ Օրինակ՝ նախագահության եւ ինստիտուտների փոխադարձ ֆինանսավորումը, հաստքների հարցը։ Մի խոսքով, ղեկավարման մեխանիզմն է նույնը եղել։ Թե չէ, ստեղծագործական, գիտական աշխատանքում եղել ենք փոխադարձ կապի, համագործակցության եւ ոչ թե կախվածության մեջ։ Այժմ մեզ ոչ ոք չի ստիպում միութենական աշխատանքի մեխանիզմը կիրառել, եւ մենք առաջիկայում լուրջ փոփոխություններ ենք նախատեսում մեզ մոտ։

Շ․ ՂԱԶԱՐՅԱՆ – Հայաստանի անկախ պետականության հռչակագիրը հավանաբար ազատ գործելու նոր ոլորտներ է ենթադրում։

Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ – Որպես հայ մարդ ողջունում եմ Հայաստանի հանրապետության խորհդարանի նոր հռչակագիրը։ Միայն կարծում եմ «անկախություն» բառն  այստեղ իր գիտական իմաստով չի գործածվում։ Ամբողջ հարցն ուրիշ է։ Որեւէ երկիր չի կարող անկախ լինել, քանի որ տնտեսապես մեկուսացված գոյատեւելն անհնարին է։ Կարո՞ղ է, արդյոք, Ճապոնիան իրեն անկախ երկիր հայտարարել, երբ նա իր արտադրության հումքը գլխավորապես դրսից է ներմուծում։ Ճիշտ կլիներ «անկախ» բառը փոխարինել «ինքնուրույնություն» բառով, քանի որ ինքնուրույն որոշոմներ կայացնելն է գերխնդիրը։ Սա, իհարկե, գիտնականի տեսակետ է, իսկ գիտնականի համար բառի ճշգրիտ գործածությունը պարտադիր է։ 70 տարի մենք կախված ենք  եղել կենտրոնական իշխանությունից, ինչպես մյուս հանրապետությունները։ Կենտրոնը մեզնից անկախ ազդել է մեր կյանքի վրա, բյուրոկրատական ճանապարհներով ղեկավարել է մեզ։ Ես շատ եմ ուզում, որ Կրեմլի նկատմամբ մենք քաղաքական ինքնուրույնություն ունենանք։ Սրան պիտի ծառայի անկաության հռչակագիրը։

Շ ՂԱԶԱՐՅԱՆ –  Մենք ունենք բնական գիտությունների որոշակի ճյուղեր, որոնց կարիքը Միությունը հիմա էլ խիստ զգում է։ 70 տարի այդ միտքը ծառայել է միութենական պետությանը։Կարո՞ղ է, արդյոք, մեր գիտական միտքն այսօր իր ունեցած ներուժով ու հեղինակությամբ կամք թելադրել Կենտրոնին, ազդել քաղաքական մթնոլորտի վրա՝ ի շահ մեր պետականության։

Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ –  Ակադեմիան զբաղվում  է հիմնարար գիտությամբ, եւ այստեղ արդեն արժեքներն այդպես չեն գնահատվում։ Մենք Միությանը տվել ենք շատ, բայց դրա դիմաց շատ էլ ստացել ենք։ Մեր երիտասարդ մասնագետները տարիներով բավականին բարձր որակավորում են անցել Ռուսաստանում։ Դրա հիման վրա է ստեղծվել  մեր գիտությունը։

Շ ՂԱԶԱՐՅԱՆ ․ Դուք ասացիք, թե մեր գիտական միտքը արտաքին միջամտություններից զերծ է եղել։ Հավանաբար դա վերաբերում է  ճշգրիտ գիտություններին, քանի որ հասարակական գիտություններն իրենց վրա խորապես զգացել են Մոսկվայի ճնշումները։

Վ․ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Դա ճիշտ է։ Հասարակական գիտությունների բնագավառում եղել է կախածություն այն առումով, որ մեզ ստիպել են ղեկավարվել մարքսիզմ լենինիզմի հիմունքներով։ Ես մասնագետ չեմ, բայց նկատելի է, օրինակ, որ մեր պատմագիտությունը ընդամենը տվել է պատմական երեւույթների գնահատականը, փոխանակ լրջորեն զբաղվեր բուն փաստերի ուսումնասիրությամբ։ Իսկ ճշգրիտ գիտության մեջ այդպիսի բան չկա, ինչ կա, ուրեմն կա։

Զրույցին միջամտում է ակադեմիկոս Գագիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ։

Գ  ՍԱՐԳՍՅԱՆ – Վերջին յոթանասուն տաում հսկայական քայլերով տեղի ունեցավ հասարակական գիտությունների քաղաքականացում։

ՎՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ․- Գիտությունը չպետք է քաղաքականացվի, կապվի որեւէ նախընտրական գաղափարի հետ։ Դա միայն Մոսկվայի մեղքը չէ։ Մեր այն գիտնականները, ովքեր ճիշտ են փաստարկել հայոց պատմության առանցքային հարցերը, ամենից շատ մեր տեղական իշխանությունների կողմից են հալածվել։ Նրանց վրա ճնշումը հասել է հետապնդելու աստիճանի։ Դեռ նոր էր մեր Ակադեմիան կազմավորվել, մենք որոշեցինք, որ Հայաստանը պետք է փոքր քիմիայով զբաղվի։ Իսկ երբ երկրում հնչեց մեծ քիմիան արագ զարգացնելու մասին Խրուշչովի կոչը, կաուչուկն Հայաստանում արդեն գործարկվել էր։ Ինձ կանչեցին Հայաստանի ԿԿ բյուրո եւ խիստ խոսակցություն տեղի ունեցավ։ «Դուք փոխանակ մեծ քիմիայով զբաղվեք, զբաղվում եք ծաղիկներից դեղորայք հավաքելով ու մանր մունր բաներով։ Կենտրոնը մեզնից մեծ քիմիա է պահանջում եւ վերջ»։ Մինչդեռ մենք որոշել էինք զարկ տալ նուրբ քիմիային։ Բայց ով էր լսողը։

Շ ՂԱԶԱՐՅԱՆ –  Ադրբեջանն այսօր իր պատմագիտության հարցերի հարցն է դարձրել Արցախի պատմական տարածքի պատկանելության յուրացումը։ Հրատարակվում են պատկերազարդ, հաստափոր ուսումնասիրություններ, ծավալուն փաստաթղթերի ժողովածուներ, որոնցով դրսում ստեղծվել է որոշակի հասարակական կարծիք` ի նպաստ իրենց։ Այսինքն՝ հատուկ քաղաքականություն  է մշակվել այդ հարցի վերաբերյալ։ Ինչո՞ւ նույն եռանդով մեր Ակադեմիան այդ հարցին մոտ չի գնում։ Ինչո՞ւ Ղարաբաղի մասին փաստաթղթերի ժողովածուն ահա երկուսուկես տարի դրված է պատմության արխիվում եւ հույս էլ չկա, թե երբեւէ կհրատարակվի։

Գագիկ ՍԱՐԳՍՅԱՆ – Գիտսկսն առումով ոչ մի հարց, որ հարուցել է Ադրբեջանը, անպատասխան չի մնացել այս վերջին հիսուն տարիների ընթացքում, ես կարող եմ ցուցակներով դա ապացուցել։ Այլ բան է, որ մենք լայն շուկայի համար չենք աշխատել, գիտական արտադրանքների հասարակական մասսայականացմամբ չենք զբաղվել, բայց դա արդեն գիտություն չի, դա պրոպագանդա է։ Առաջիկայում կարելի է լայն խոսակցություն բացել թերթերում, եւ, կարծում եմ, այդ ամենը կպարզվի։

Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ –  Ակադեմիայի թերթի առաջիկա համարներից մեկում պետք է տպագրել, թե ինչ է արել Ակադեմիան Արցախի հարցի շուրջ վիճաբանությունների գիտական լուսաբանման ուղղությամբ։ Դա շատ կարեւոր է։

Շ ՂԱԶԱՐՅՍՆ –  Քաղաքական դրամատիկ իրադարձությունների շարունակական ընթացքից ու երկրաշարժից հետո Հայաստանը հայտնվել է հոգեբանական ծանր ճգնաժամի մեջ։ Ի՞նչ քաղաքականություն է մշակվում ժողովրդի մեջ վերականգնողական աշխատանքներ տանելու հարցոմ։

Վ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ – Գաղթականության, աղետյալների հոգեբանական ադապտացիայի հարցերով Ակադեմիան, կարելի է ասել, երբեւէ չի զբաղվել։ Նման պրակտիկա մենք  գրեթե չենք ունեցել, թեպետ Ազգագրության ինստիտուտում որոշ գործեր փորձում ենք անել։ Եւ այսօր, երբ դրա կարիքը խիստ է, տեսական սխեմաներով ոչնչի չես հասնի։ Հրատապ էր ուսումնասիրել մյուս երկրների փորձը։ Աղետից հետո ուզեցինք երիտասարդ գիտնականների գործուղել արտասահման։ Սակայն պետությունը նյութապես չօգնեց, իսկ կադրերի փոխանակության հիմունքնեով շատ բան չես կարող անել։

Շ ՂԱԶԱՐՅԱՆ –  Դուք ասացիք, որ հանրապետության անկախության նոր կարգավիճակի պայմաններում նոր փոփոխություններ են մշակվում Ակադեմիայի ներքին կառուցվածքներում։ Անդրադառնալու՞ եք, արդյոք, ինստիտուտների եւ բաժանմունքների փոխհարաբերությանը։  Բաժանմունքներն այսուհետ շարունակելո՞ւ են գործել։

Վ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ –  Մեր ինստիտուտները հիմնականում արդարացրին իրենց։ Նրանք են մեզ փառք ու համբավ բերել մշտապես։ Իսկ բաժանմունքները շատ թույլ են գործել։ Նրանց աշխատանքը կրել է բյուրոկրատական բնույթ, ավելի շատ տարեկան հաշվետվություններ ներկայացնելու միջոց։ Մինչդեռ նրանք պիտի գիտական ուսումնասիրությունների արդյունքները հասցնեին լայն հասարակայնությանը, միջանկյալ կապ լինեին գիտության ու ժողովրդի միջեւ։ Մենք հրաշալի դահլիճ ունենք։ Բաժանմունքները կարող էին ու պարտավոր էին յուրաքանչյուր շաբաթ կազմակերպել որեւէ հրատապ հարցի քննարկում, որն, ըստ էության, հիմքում լինելով գիտական, իրենց միջոցով հանրամատչելի լեզվով պետք է հաղորդվեր հասարակությանը։ Չէ որ արտասահմանյան բոլոր երկրների ակադեմիաներում բաժանմունքի կոչումը սա է, եւ նրանք սրբորեն են կատարում այն։

Գագիկ ՍԱՐԳՍՅԱՆ –  Ես էլ եմ այդ կարծիքին։ Տարիներով նրանց աշխատանքը եղել է նախագահությանը, այսպես ասած, «կարեւոր գործեր» ներկայացնելը, իսկ մնացածները մնացել են դարակներում։ Սա է մեր բաժանմոնքների աշխատանքի ոճը։

Շ ՂԱԶԱՐՅԱՆ– Այդ դեպքում ինչ իմաստ ունի նրանց հետագա գոյությունը եւ ինչ են տալիս ինստիտուտներին։

Գագիկ ՍԱՐԳՍՅԱՆ – Ցավոք, քիչ բան, հիմնական օղակը Ակադեմիան ու ինստիտուտներն են։ Այս դեպքում կարելի է գնալ երկու ճանապարհով, կամ կրճատել բաժանմունքները, կամ դարձնել լիիրավ օղակներ եւ հսկել, որ նրանք իրենց գործը կատարեն։ Ես կարծում եմ երկրորդն ավելի ճիշտ է՝ նկատի ունենալով համաշխարհային փորձը։ Արտասահմանյան շատ ակադեմիաներ ունեն բաժանմունքներ, որոնք գիտության զարգացման ուղիներ են նշում։

Շ ՂԱԶԱՐՅԱՆ – Ներքին բարենորոգումների ընթացքում հաշվի առնվելու՞ է երիտասարդ գիտնականների նյութական ապահովության, հաստիքների կենտրոնացման, նրանց կեցության, կենցաղի բարելավման հարցը, որն, այնուամենայնիվ, վճռորոշ դեր է խաղում գիտության սահուն զարգացման ընթացքի առողջացման մեջ։

Վ․ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ – Մեր երիտասարդ գիտնականների նյութական վիճակը շատ է ծանր։ Նրանց վարձատրության չափը դրսի համեմատությամբ ուղղակի չնչին է։ Բավական է նշել, որ միութենական ենթակայության ֆիզիկայի ինստիտուտը ավելի մեծ բյուջե ունի, քան ողջ մեր Ակադեմիան։ ԽՍՀՄ պրեզիդենտի հրամանը այս կետում եւս վերաբերում է միայն Միութենական Ակադեմիային։ Մեր մասին պետք է մտածի մեր՝ Հայասանի կառավարությունը։ Առանց պետական աջակցության, աշխարհի ոչ մի երկրում գիությունը առաջ չի կարող գնալ։ Հույսս նոր կառավարությունն է, քանի որ նախկինները բնավ չէին մտահոգված այս հարցով։ Նոր բյուջետային տարում հավանաբար սպասվում են փոփոխություններ։

Կապրենք, կտեսնենք։

«Միտք» շաբաթաթերթ,  նոյեմբերի  1, 1990թ Պարբերականի փրկված միակ օրինակը պահպանված է հեղինակի անձնական արխիվում։

Verified by MonsterInsights