December 3, 2023

ՌԴ–ն շարունակո՞ւմ է զինամթերք տրամադրել Հայաստանին, ՊՆ փոխնախարարը որակեց՝ աշխարհաքաղաքական հարց

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մի շարք հարցերի։

Առաջին հերթին փոխնախարարը նշեց՝ այս պահին սահմանին հարաբերական կայուն վիճակ է։

«Իսկ պաշտպանության նախարարի այցի վերաբերյալ դեպի Ֆրանսիա կարող ենք տեղեկատվություն տալ կատարած այցից հետո արված արդյունքներով»,– նշեց նա։

Հարցին՝ ադրբեջանա–թուրքական զորավարժություններն արդյոք սպառնալիք են ՀՀ–ի համար՝ Սարգսյանը նկատեց․ «Տեսնում եք, որ որևէ տեղեկատվություն չենք թաքցնում, ինչ լինի մենք պարբերաբար կտեղեկացնենք մեր տեղեկատվական ծառայության տված հաղորդագրություններով»։

Թե արդյոք ՌԴ–ն շարունակում է ՀՀ–ի հետ կնքած պայմանագրի հիման վրա զենք–զինամթերք տրամադրել Հայաստանին, փոխնախարարը սա որակեց՝ որպես աշխարհաքաղաքական հարց։

Ինչ վերաբերվում է այն հարցին՝ ԼՂ ՊԲ զինծառայողները կանցնե՞ն ծառայության ՀՀ զինված ուժերում՝ Սարգսյանի խոսքով՝ այդ հարցը դեռ չի քննարկվում և աշխատանքներ չեն տարվում։

Verified by MonsterInsights