February 22, 2024

Աշտարակի ՔՊ-ական քաղաքապետին կհարցաքննեն

Աշտարակի ՔՊ-ի «սրտի քաղաքապետ» Թովմաս Շահվերդյանին նախաքննական մարմինը որոշել է, որ պետք է հարցաքննի։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահներին զանգեր են կատարել քաղաքապետին «փրկելու» հարցով: Բացի այդ, կատարված դեպքը փորձում են ջարդել «Աշտարակի ձոր» ռեստորանի սեփականատիրոջ որդու գլխին։ ArmLur.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով Աշտարակի քաղաքապետի տեղակալին վիրավորում ստացած տարել էին հիվանդանոց:

Իրավապահները տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալել են Ուջան համայնքի ղեկավար, 28-ամյա Գրիգոր Հարությունյանին, «Ես եւ նա» ՍՊԸ տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ 54-ամյա Նաիրի Սահակյանին, Ուշի համայնքի ղեկավար, 45-ամյա Մարտին Մարտիրոսյանին, Արտաշավան համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանին եւ այլոց: Հիմա այն մասին, թե կոնկրետ ինչ է կատարվել:

Եվ այսպես, տեղեկությունների համաձայն՝ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատերը վերոնշյալ հատվածում՝ հողի վրա, աշխատանքներ է իրականացրել, եւ նշված հասցե է եկել Աշտարակի քաղաքապետ, ՔՊ թիմակից դարձած նախկին ՀՀ-ամերձ Թովմաս Շահվերդյանը ու սկսել վիճել նրանց հետ տարածքի հողի մասով, իր առարկությունները ներկայացրել, որից հետո հեռացել է: Նրա հեռանալուց հետո դեպքի վայր են հասել ոստիկանները, քանի որ օպերատիվ տվյալներ են ստացել, որ նշված հասցեում «մարտաֆիլմ կինո» է լինելու:

Եւ մինչ ոստիկանները հսկում են տարածքը, դեպքի վայր է գալիս մոտ 40-հոգանուց խումբ, ու սկսում են քարերով, բահերով դաժան ծեծի ենթարկել ռեստորանի տիրոջը: Անգամ ոտիկանների ներկայությունը չի սաստում խմբի անդամներին դադարեցնելու «մարտաֆիլմը»: Այս իրավիճակը տեսնելով՝ ռեստորանի տիրոջ տղան հանում է ավտոմատը ու կրակում, որպեսզի սաստի ներկաներին, եւ կրակոցներից վիրավորվում է Աշտարակի քաղաքապետի տեղակալն ու եւս մեկ անձ։

Իրավապահ համակարգում քննությունը շարունակվում է, եւ ենթադրություններ կան, որ միգուցե քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն է այս խմբին ուղարկել ռեստորանի տիրոջ դեմ: Ամեն դեպքում, մենք կհետեւենք քննության ընթացքին:

Verified by MonsterInsights