December 3, 2023

Շահրամանյանին ասել են՝ քո անձնական կյանքով զբաղվիր, արցախցիների հետ գործ չունես

Թվում էր՝ ի տարբերություն հայաստանցիների, արցախցիները չեն ներելու իրենց հայրենիքի հանձնումը եւ, Հայաստան տեղափոխվելուն պես, Նիկոլ Փաշինյանի կյանքը դժոխքի են վերածելու՝ կառավարության շենքի մոտից տուն չգնալով, քանի դեռ Արցախը հանձնողներին իրենց արժանի պատիժը չեն տվել։

Հրապարակ թերթը գրել է․ Սակայն մոտ երեք շաբաթ է անցել ողբերգական իրադարձություններից` նրանք լռում են: Պարզ է, որ շարքային մարդիկ, մանավանդ՝ սոցիալապես անապահով խավը, զբաղված են տանիքի ու հացի փնտրտուքով, իսկ որտե՞ղ է Արցախի քաղաքական էլիտան։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի շրջապատից մեզ լուրեր էին հասնում, որ այդ լռությունը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման սպասումով: Այսպես ասած՝ ուզում է հասկանալ, թե ՀՀ իշխանությունների մտքին ինչ կա, ինչ են անելու՝ արցախահայության եւ Արցախի հետ կապված:

Շահրամանյանին խոստացել էին, որ առաջիկայում կկայանա այդ հանդիպումը, եւ նա էլ որոշել է խոսել ու գործել միայն հանդիպումից հետո, երբ իր հարցերի պատասխանները ստանա։ Սակայն տեղեկացանք, որ վերջերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով համակարգում է արցախցիների խնդիրները եւ հայաստանյան իշխանությունից թերեւս միակ պաշտոնյան է, որ շփվում է Արցախի բարձրաստիճանների հետ, Շահրամանյանին ուղիղ տեքստով փոխանցել է, որ ինքն անելիք չունի՝ Արցախի ու արցախցիների խնդիրների հետ կապված․ Հայաստանի իշխանությունն առանց իր օգնության կլուծի այդ հարցերը: Եվ նրան խորհուրդ է տվել` զբաղվել իր անձնական, ընտանեկան գործերով, աշխատանք գտնել, մի խոսքով` իր գլխի ճարը տեսնել՝ հասկացնելով, որ Արցախի էջը փակված է։

Եվ Հայաստանի դատարկ փողոցներն էլ վկայում են, որ փակված է` առանց ՀՀ իշխանությունների համար որեւէ պրոբլեմներ առաջացնելու: Անգամ այս «մեսիջներից» հետո Արցախի քաղաքական էլիտան չի ակտիվանում: Փոխարենը ակտիվանում են Շահրամանյանին հայհոյող իշխանական ֆեյքերը, ՀՀ իշխանամերձ շրջանակներից կառավարվող մի խումբ սորոսականներ ու բաբայանականներ, որոնք արդեն ակցիաներ են անում Արցախի ներկայացուցչության դիմաց եւ Արցախի իշխանությունների ներկայացուցչին են ծեծի ենթարկում։

ՀՀ իշխանությունն ու իրեն սատարող արցախյան թեւը փորձում են Հայաստանում կրկին խաղարկել 2018-ի մոդելը՝ պառակտել հասարակությանը, իրար դեմ հանել մեր ազգի երկու հատվածներին, ազգամիջյան թշնամանք հրահրել, ջլատել միասնականությունը, որը կառավարելի կդարձնի մարդկանց, թույլ չի տա, որ ընդդիմությունը միավորվի եւ պայքարի իր դեմ: Նպատակը պարզ է` ամեն գնով պահել իշխանությունը։

Ուրբաթ օրվա դեպքերն էլ այդ կեղտոտ օպերացիայի մեկնարկն էին։ Մի քանի տասնյակ արցախցիներ բողոքի ակցիա իրականացրին Արցախի ներկայացուցչության առաջ, եւ չնայած ակցիան կարելի է տապալված համարել, քանի որ հազիվ մի 100 մարդ էր բողոքի դուրս եկել, իսկ ցանկացած երկրում 100 ծառայամիտ ու շահամոլ մարդ կարելի է գտնել, մեծ մասն էլ իսկապես սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ էին, ամեն դեպքում ակնհայտ է, որ հիմա էլ Արցախի նախկիններին եւ ունեւորներին են թիրախավորել` լեգենդներ տարածելով, թե նրանք են թալանել Արցախը, դղյակներ սարքել, միլիոններ կուտակել: Եթե Արցախի իշխանություններն ու բոլոր նորմալ արցախցիները սրան արժանի հակահարված չտան, նրանք էլի են շարունակելու` փորձելով ավարտին հասցնել իրենց սեւ գործը եւ վարկաբեկել Արցախն ու նրա անկախության գաղափարը։

Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանին հարցրինք՝ իր համար ընկալելի՞ է Արցախի քաղաքական վերնախավի պասիվությունը, երբ «հակառակորդ» ճամբարում ձեռքերը ծալած չեն նստում։ «Շատ կարեւոր է, որ, ի դեմս Սամվել Բաբայանի, արցախցին է այդ «սեւ գործն» անում՝ անկախ նրանից, թե ինքն ով է եւ ինչ նպատակներ ունի»։ Հակոբյանի կարծիքով՝ այդ ակցիային մասնակցածների մեծ մասն անգամ չի իմացել, թե ինչի է եկել, ինչ նպատակով․ «Հատուկ այնպես էին արել, որ չհասկացվի հավաքի նպատակը, որովհետեւ իրենք աջակիցներ չունեն, մենք դա տեսել ենք Արցախում, դա երեւաց նաեւ Հայաստանում»։

Իսկ, առհասարակ, Արցախի լռությունը հասկանալի՞ է։ «Սա նոր իրավիճակ է, մեզ համար էլ շատ բան հասկանալի չէ, նաեւ՝ քաղաքական առումով։ Անձամբ ինձ մոտ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ պարզ է, բայց ես կարծում եմ, որ այս լռությունն էլ ժամանակավոր է, ըմբոստությունն էլ ժամանակի հարց է։ Մարդիկ սոցիալական խայտառակ վատ վիճակում են, շոկի մեջ են, բայց այս ամենը չի կարող կուլ գնալ, մարսվել, պահանջը լինելու է ու շատ ուժեղ է լինելու, ի վերջո՝ պատասխանատուները չեն կարող անցնել ընդհատակ, ու ամեն ինչ ավարտվի։ Չի ստացվի պառակտել` Սամվել Բաբայանն ինչպես Արցախում չուներ աջակիցներ, այստեղ եւս չի ունենալու»։

Verified by MonsterInsights