ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորրորդ փորձով ի վերջո խոսնակ է ընտրել. նա հանրապետական Մայք Ջոնսոնն է, հայտնում է CNN-ը։
Քվեարկությամբ վերջ է դրվել Ներկայացուցիչների պալատի խոսնակի՝ 22 օր թափուր մնացած պաշտոնին, քանի որ նախորդ խոսնակ Քևին Մաքքարթին երեք շաբաթ առաջ հեռացվել էր այդ պաշտոնից:
Ով է նոր խոսնակը՝ կոնգրեսականների աչքերով
Ծայրահեղ աջ հանրապետականները Ջոնսոնին տեսնում են որպես Դոնալդ Թրամփի հավատարիմ պահպանողական և աջակից:
Չափավոր հանրապետականները նրան տեսնում են որպես պրագմատիկ և մտածող առաջնորդ, ով կպաշտպանի պահպանողական արժեքները՝ միաժամանակ օրենսդրությունը տանելով Ներկայացուցիչների պալատի միջով:
«Նա այն մարդկանցից է, ով լեզու է գտնում բոլորի հետ և մեծ հարգանք է վայելում», – CNN-ին ասել է Կոլորադոյից հանրապետական Քեն Բաքը:
Դեմոկրատները, սակայն, անհանգստանում են, որ Մայք Ջոնսոնը չափազանց աջակողմյան է: Նրանք նշում են, որ Ջոնսոնը դեմ է քվեարկել 2020 թվականի ընտրությունների արդյունքները հաստատելուն՝ կոչ անելով Թրամփին «շարունակել պայքարել» և «սպառել բոլոր հասանելի միջոցները»։
Ջոնսոնը խիստ պահպանողական դիրքորոշումներ է որդեգրել մի շարք քաղաքական հարցերի շուրջ, ինչպիսիք են աբորտների իրավունքներին դեմ լինելը և միասեռականների ամուսնությունները:
51-ամյա Ջոնսոնը ծառայում է իր չորրորդ ժամկետը՝ ներկայացնելով Կոնգրեսի ստորին պալատում Լուիզիանա նահանգը: Նա համարվում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցը։ Մինչ քաղաքականություն մտնելը Ջոնսոնը սահմանադրական իրավունքով զբաղվել է մոտ 20 տարի։
Ընդ որում, կոնգրեսականը չափազանց թույլ համբավ ունի ուկրաինամետ կուսակցության անդամների շրջանում։ Ամերիկացի օրենսդիրների վարկանիշում, որը հրապարակել է Ուկրաինայի համար պահպանողական «Հանրապետականներ» խումբը, Ջոնսոնը ստացել է ամենացածր վարկանիշը։ Նշվում է, որ նա դեմ է քվեարկել Կիևին աջակցելու օրինագծերի մեծամասնությանը, բացառությամբ՝ 2022 թվականի «Lend-Lease» օրենքի, ինչպես նաև արել է «հակաուկրաինական» հայտարարություններ:
Վերջ Ներկայացուցիչների պալատի «կաթվածահար» եղած աշխատանքին
Ներկայացուցիչների պալատը երեք շաբաթ է՝ չէր կարողանում փոխարինող գտնել խոսնակի պաշտոնից հեռացված Քևին Մաքքարթիին։
Խմբակցության առաջին թեկնածուն՝ Սթիվ Սկալիզը, ինքնաբացարկ էր հայտնել ընտրությունների նախօրեին։
Երկրորդը՝ Ջիմ Ջորդանը, պարտվել էր քվեարկության երեք փուլով։ Իր հերթին երրորդ թեկնածուն՝ Թոմ Էմմերը, ինքնաբացարկ է հայտնել՝ չսպասելով ընտրություններին։
«Գլխատված» ներկայացուցիչների պալատը, ըստ էության, անգործունակ էր. այն չէր կարող բյուջե ընդունել կամ քննարկել Սպիտակ տան խնդրանքը Իսրայելին և Ուկրաինային բազմամիլիարդանոց օգնություն տրամադրելու վերաբերյալ:
Ուկրաինային օգնելուն՝ դեմ, Իսրայելին օգնելուն՝ կողմ. ինչպես է փոխվել կարծիքը
Հատկանշական է, որ Ջոնսոնը ամենսկզբում խստորեն աջակցել է Ուկրաինային 2022 թվականի փետրվարին ռուսական ներխուժումից անմիջապես հետո։
«Մենք պետք է թուլացնող պատժամիջոցներ սահմանենք Ռուսաստանի տնտեսական շահերի դեմ»,- ընդգծել էր Ջոնսոնն այն ժամանակ «X»-ի իր միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ՝ շարունակելով հակառուսական թեզը:
«Մենք պետք է վերադառնանք ամերիկյան կայուն էներգիայի արտադրությանը՝ այստեղ և մեր եվրոպացի դաշնակիցների համար ավելի մեծ կայունություն և անվտանգություն ապահովելու համար։ Մենք պետք է Ռուսաստանին բացառենք համաշխարհային առևտրից և միջազգային կառույցներից։ Չնայած այս գործողությունների համար լավագույն ժամանակն անցել է, մենք պետք է վճռականորեն գործենք»,- այն ժամանակ ասել էր նա։
2022 թվականի ապրիլին Ջոնսոնը քվեարկեց 2022 թվականի Ուկրաինայի դեմոկրատիայի վարձակալության ակտի օգտին, որը նպատակ ուներ հեշտացնել Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելը:
Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում Մայք Ջոնսոնը սկսեց թերահավատորեն վերաբերվել Ուկրաինային օգնության հարցում պալատի դիրքորոշումներին, նշում է The Hill ազդեցիկ հրատարակությունը՝ հիշեցնելով, որ նա դեմ է քվեարկել հատկացումների երկու օրինագծի, որոնք նախատեսում էին օգնություն Ուկրաինային՝ 2022 թվականին և 2023 թվականի սեպտեմբերին։ .
«Ամերիկացի հարկատուներն անցյալ տարի ավելի քան 100 միլիարդ դոլարի օգնություն են ուղարկել Ուկրաինային»,- գրել էր Ջոնսոնը «X»-ի իր միկրոբլոգում փետրվարին կատարած գրառման մեջ՝ ակնարկլով,թ ե դա չափազանց շատ է:
Ինչպես նշում է իսրայելական Haaretz թերթը, Ներկայացուցիչների պալատի նոր նախագահը հայտնի է որպես ավետարանական քրիստոնյա և սերտ կապեր ունի Իսրայելի աջակողմյան կուսակցությունների հետ, որոնք վերջին տարիներին հայտնվել են որպես երկրի հիմնական քաղաքական ուժ։
Ուկրաինային շարունակվող օգնության կողմնակիցները հուսով են, որ Ջոնսոնը քվեարկության կդնի նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինային և Իսրայելին տրամադրվող օգնության ընդհանուր փաթեթը:
Փաթեթը նախատեսում է տրամադրել 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային: Առանց Ներկայացուցիչների պալատի խոսնակի՝ այս փաթեթը փաստացի արգելափակվել էր:
Ջոնսոնի ընտրությունը կարող է ապաշրջափակել հաստատման գործընթացը, եթե Կոնգրեսում համաձայնություն ձեռք բերվի Ուկրաինայի և Իսրայելի համար օգնության միասնական փաթեթի իրագործելիության վերաբերյալ: Թեպետ հարկ է նշել, որ Կոնգրեսում ոչ բոլորին է դուր գալիս մեկ փաթեթի գաղափարը:
Ջոնսոնի ընտրության ժամանակ Դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսը ելույթ է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առջև՝ հայտարարելով Իսրայելին իր անվերապահ աջակցությունը։ Այդպահին երկու կուսակցությունների կոնգրեսականները ոտքի են կանգնել և սկսել ծափահարել։
Միևնույն ժամանակ, Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամների մոտ մեկ երրորդը չի ծափահարել Ուկրաինային աջակցելու մասին Ջեֆրիսի խոսքերից հետո։
Մայք Ջոնսոնն ասել է, որ մտադիր է առաջիններից մեկը քվեարկել Իսրայելի պաշտպանությանն օգնելու օրինագծի վրա։
Քիլի Համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Ջո Բայդենի վարչակազմը և ԱՄՆ Կոնգրեսը խոստացել են Ուկրաինային տրամադրել մոտ 75 միլիարդ դոլար հումանիտար, ֆինանսական և ռազմական օգնություն։ Այդ գումարից Ուկրաինային տրամադրվող փաստացի ռազմական օգնությունը կազմում է մոտ 20 մլրդ դոլար։
Բաց մի թողեք
Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջեն
Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է. Լուսանկար
Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել